Վրաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել

Վրաստանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ռուս-աբխազական ռազմավարական համաձայնագրին և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է հատուկ նիստ հրավիրել։ Վրաստանյան Newsgeorgia կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլի

Այս հարցը կբարձրացվի նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք Ժնևում բանակցությունների ժամանակ։

Նոյեմբերի 24-ի առավոտյան Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է նաև ռուս-աբխազական զինված ուժերով ստեղծել միացյալ զորախումբ երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։

Պայմանագրի կնքումը լարված իրավիճակ է ստեղծել Վրաստանում։ Երկրի նախագահը, կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես են եկել մեղադրական մի շարք հայտարարություններով՝ կոչ անելով նաև միջազգային հանրությանն անմասն չմնալ և համապատասխան արձագանքել Ռուսաստանի և Աբխազիայի քայլերին։ Համաձայնագիրը դատապարտել են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ պետդեպարտամենտը և մի քանի երկիր։

Վրաստանն այդ պայմանագիրը համարում է Աբխազիայի «անեքսիա» Ռուսաստանի կողմից։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 10 տարի ժամկետով և երկարաձգման հնարավորությամբ։

Ընդհանուր առմամբ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը հնարավորինս ամրապնդելու է Աբխազիայի միջազգային կապերը՝ աջակցելով նրա միջազգայնորեն ճանաչմանը։ Համաձայնագրում նշվում է նաև, որ կողմերից մեկի վրա հարձակումը կդիտվի որպես «ագրեսիա (ռազմական հարձակում) համաձայնագրի մյուս կողմի երկրի նկատմամբ»։

Նախատեսվում է նաև ՌԴ և Աբխազիայի միացյալ զորամիավորման ստեղծում համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի ժամկետում, իսկ 3 տարվա ընթացքում Ռուսաստանի միջոցներով աբխազական բանակն «արդիականացվելու է», այդ թվում նաև՝ բերվելու է «ռուսաստանյան բանակի չափանիշների»։ Իրականացվելու է նաև Աբխազիայի ԶՈւ անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև ռազմական նոր տեխնիկայով համալրում։

Համաձայնագրում որոշ կետեր վերաբերում են նաև վրաց-աբխազական սահմանի պաշտպանությանը, որի ինժեներատեխնիկական համալրումը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու տարվա ընթացքում։ Հայտնի է նաև, որ կողմերը համատեղ են իրականացնելու այդ սահմանի պաշտպանությունը։

Բացի այդ, բացվելու է ռուս-աբխազական սահմանը (անվտանգության նկատառումներից բխող որոշակի սահմանափակումներով)։ 3 տարվա ընթացքում նաև համապատասխանացվելու են մաքսային համակարգն ու օրենսդրական դաշտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *