Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը և հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ այն ոչ միայն նպաստում է երկու հարևան պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլև իր ուրույն ներդրումն է կատարում հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գեներալ-մայոր Կապանաձեի հետ առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Վրաստանը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, վստահ լինելով, որ առկա են բոլոր նախադրյալներն այն ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի երկկողմ համագործակցությանն առնչվող ու այլ հարցեր

Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի երկկողմ համագործակցությանն առնչվող ու այլ հարցեր

Հայաստանում գտնվելու ընթացքում գեներալ-մայոր Կապանաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Որպես Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության օրինակ նշենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները գրեթե յուրաքանչյուր տարի մի շարք այլ պետությունների հետ համատեղ մասնակցում են Վրաստանի Սաչխարե լեռնային պատրաստության դպրոցի դասընթացներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *