Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու թուրք-ռուսական «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» (ÜDİK) երրորդ նիստին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվականը:
Մեկօրյա նիստի ընթացքում կողմերը կքննարկեն թուրք-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները, էներգետիկ ծրագրերը, զբոսաշրջության ոլորտի զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:
Հանդիպման գերակա թեմաներից է Թուրքիայի և ՌԴ միջև ապրանքաշրջանառությունը տարեկան 100մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելը, ինչը՝ որպես նպատակ, սահմանվել էր դեռևս 2010թ. Կրեմլում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Վերջնաժամկետը նախապես եղել է 2015թ., սակայն հետաձգվել է մինչև 2020թ., քանի որ 2014թ. վերջին երկկողմ առևտուրը ընդամենը 32-33մլրդ դոլարի է հասել:
Քննարկման հատուկ նշանակության թեմաներից է երկու երկների համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Թուրքիան պահանջում է իջեցնել վառելանյութի արժեքը և միաժամանակ մեծացնել գազամատակարարաման ծավալները՝ հասցնելով տարեկան 3մլրդ խ.մ.:
Հանդիպման ընթացքում նախատեսված է քննարկել նաև Մերսինում կառուցվող «Աքքույու» առաջին թուրքական ԱԷԿ-ի հարցը, որը ռուսական նախագիծ է (շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ. մայիսին): Հայտնի է, որ թուրքական երրորդ ԱԷԿ-ը ևս կառուցվելու է ռուսական նախագծով, իսկ երկրորդը, ինչպես ավելի վաղ հայտնել էր թուրքական «Սաբահ» պարբերականը, կառուցվելու է ֆրանս-ճապոնական կոնսորցիումի հետ համատեղ:
Նախատեսված է քննարկել նաև սիրիական և ուկրաինական ճգնաժամերը, Կիպրոսի և Արցախի հիմնահարցերը: Այս հարցերին կողմերի մոտեցումները միանշանակ չեն. Թուրքիան Սիրիայում պաշտպանում է ընդդիմությանը, երբ Ռուսաստանը կողմ է Ասադի իշխանության պահպանմանը, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին՝ չճանաչելով Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ Կիպրոսի և Արցախի հարցերում մեղադրում է ՌԴ-ին՝ հակառակորդ կողմերին սատարելու համար:
Նշենք, որ «Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը» ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն ինստիտուցիոնալացնող մարմին է, որը ստեղծվել է 2010թ. մայիսին ՌԴ նախագահ Մեդվեդևի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Pingback: Պուտինը Թուրքիայում քննարկել է էներգետիկ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներ | Ռազմ.info