Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ն կընդլայնի իր ռազմածովային ուժերը խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում, իսկ մինչև 2020 թվականը ՌԾՈւ-ի նավերի 60 տոկոսը կուղարկի այդ շրջան։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտային հղում տալով՝ այդ մասին հայտնել է «Ասսոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը։
Նախարարի խոսքերով այդ որոշումը կայացրել են Ասիայում ԱՄՆ-ի ներկայության ընդլայմնան ռազմավարության շրջանակներում։
Պանետտան նշել է նաև, որ տարիներ կպահանջվեն մինչև իրագործվի այդ նախագիծը։
Ինչպես նշում է գործակալությունը, ներկա պահին խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում կենտրոնացված է 285 ամերիկյան նավ, որոնցից շատերը փոխարինման ու վերանորոգման կարիք ունեն, քանի որ արդեն հնացել են։
ԱՄՆ-ն մտադիր է ոչ միայն ավելացնել նավերի քանակը, այլև այդ շրջաններում նավատորմը համալրել ժամանակակից տեխնիկայով։ Նշենք, որ Խաղաղ օվկիանոսը ամերիկյան 3-րդ և 7րդ նավատորմերի պատասխանատվության գոտում է, իսկ Հնդկական օվկիանոսը` 7-րդ և 5-րդ։