ՆԱՏՕ-ն իրականացրել է կիբերանվտանգության լայնածավալ զորավարժություն

Նոյեմբերի 18-21 Էստոնիայում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Cyber Coalition 2014» կիբերանվտանգության զորավարժություն, որն իր ընդգրկմամբ խոշորագույնն է եղել մինչ այս իրականացված նմանատիպ զորավարժություններից: 

Cyber coalition

Cyber coalition 2014

Զորավարժությունն անցկացրել են Էստոնիայի Տարտու քաղաքի մոտակայքում գտնվող նախկին սովետական ռազմաբազայում, սակայն մինչև անցկացման օրը զորավարժության վայրն ու ժամկետը գաղտնի են պահվել:

Զորավարժությանը մասնակցել են 28 երկրի 80 կազմակերպություն և 670 ռազմական ու քաղաքացիական մասնագետ, այդ թվում և Թուրքիայի զինված ուժերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:

Զորավարժություններն իրականացվել են մի քանի սցենարով: Ըստ առաջին օրվա սցենարի Տարտուի հին զորանոցներում «թշնամու» 100-հոգանոց հաքերների խումբը պիտի գրոհեր ՆԱՏՕ-ի մի շարք կայքեր: Մեկ այլ սցենարով հակառակորդին հաջողվում է ձայնագրել ՆԱՏՕ-ի մի գեներալի գաղտնի հեռախոսազրույցը և հաղորդել այն լրատվամիջոցներին:

Մասնակիցների թիվը երկու անգամ ավելի է նախորդ տարվա նմանատիպ զորավարժությունից: Այսպիսի լայնածավալ զորավարժության անցկացումը մեկնաբանելով՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի անվտանգության գծով օգնական Սորին Դուկարուն նշել է, որ կիբերսպառնալիքներն օրեցօր աճում են, ու թեպետ հակամարտությունները կարող են ընթանալ վիրտուալ տիրույթում, սակայն հետևանքները լրիվ իրական են:

Զորավարժությունների վերջին օրը՝ նոյեմբերի 21-ին Տալլին ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ կիբեր գրոհները նույնքան վտանգավոր են, որքան սովորական գրոհները, դրանք կարող են կարևոր ենթակառուցվածքներ վնասել ու խանգարել ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Այդ մարտահրավերներին պատրաստ լինելու համար շատ կարևոր է «Cyber Coalition» զորավարժության անցկացումը:

Նշենք, որ սեպտեմբերին Ուելսի գագաթնաժողովում ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարները հաստատել էին, որ կիբեր անվտանգությունը դաշինքի հիմնական խնդիրներից է:

One response to “ՆԱՏՕ-ն իրականացրել է կիբերանվտանգության լայնածավալ զորավարժություն

  1. Pingback: ՆԱՏՕ-ն կիբերանվտանգության զորավարժություն է անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *