Պաշտպանության նախարարը համագործակցության կոչ է անում

Այս օրերին հանրության քննարկման հիմնական թեմա են դարձել՝ որոշ պաշտոնյաների հրաժարականների մասին լուրերն ու փաստերը։ Այս ֆոնին՝ անդրադառնալով բանակի ներկայիս խնդիրներին ու ձեռքբերումներին, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց էր տվել «Առավոտ» օրաթերթին, որը հրապարակվեց երկու մասով։ Առաջին մասին Razm.info-ն արդեն իսկ անդրադարձել է, իսկ հարցազրույցի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև.

” Կարծում եք՝ կա՞ հնարավորություն բանակի խնդիրները հասարակության հետ միասին լուծելու:
” Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներից, այդ թվում՝ տասնյակ հասարակական կազմակերպություններից ստանում ենք համագործակցության առաջարկություններ, բանակում առկա խնդիրները համատեղ կարգավորելու գործնական ծրագրեր: Մենք ընդունում, քննարկում եւ հավանության դեպքում կյանքի ենք կոչում հասարակական կառույցների առողջ առաջարկությունները: Մեծապես կարեւորում ենք նաեւ պաշտպանական գերատեսչությանն ուղղված կառուցողական քննադատությունը, քանզի այն օգնում է շտկելու առկա թերությունները: Բարձր ենք գնահատում բանակաշինությանը հասարակական աջակցություն ցուցաբերելու հարցում երկրի պաշտպանությամբ մտահոգ քաղաքացիների ու կազմակերպությունների գործնական քայլերը: Բանակի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար ներդրվել են ահազանգման ու բողոքարկման գործուն մեխանիզմներ, որոնց շնորհիվ, օրինակ, զորակոչի ենթակա քաղաքացին կարող է զորակոչի վերաբերյալ իր մտահոգությունները մանրակրկիտ քննարկել ու բողոքարկել, իսկ զինծառայողը կարող է իր իրավունքները պաշտպանել՝ ահազանգելով շուրջօրյա գործող վստահության հեռախոսահամարներով:
Իրականում այսօր բանակ-հասարակություն միջավայրում գոյություն ունի երկխոսության լայն դաշտ, որն ապահովվում է տասնյակ հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ստեղծագործական միությունների հետ համագործակցության եւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ի սկզբանե չեն այրում համագործակցության կամուրջները: Պաշտպանության նախարարությունը հասարակական կառույցների հետ համագործակցության մեծ փորձ ունի, եւ նոր ի հայտ եկած մի քանի կազմակերպություններ թող մեզ չվախեցնեն իրենց աղմուկ-աղաղակով, ավելի լավ է՝ ստեղծագործ աշխատանք կատարեն՝ փորձելով վաստակել հանրային եւ պետական աջակցություն:
Զրույցը վարեց՝  ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հրապարակմանն անդրադարձել են՝ aravot.am-ը, lragir.am-ը, mil.am-ը։

Սկզբնաղբյուր՝ aravot.am

 

One response to “Պաշտպանության նախարարը համագործակցության կոչ է անում

  1. Pingback: Պաշտպանության նախարարն անդրադառնում է իր հրաժարականի մասին լուրերին և բանակի խնդիրներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *