Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 16-22, 2014

Ադրբեջանում ավարտվել են ռազմածովային ուժերի և ուժային այլ կառույցների համատեղ վարժանքները • Ադրբեջանն ու Պակիստանը կխորացնեն ռազմական համագործակցությունը • Հայկական ուղղաթիռը խոցած զինծառայողը պատմել է միջադեպի մանրամասների մասին

• Ադրբեջանի ԱԻՆ-ը վարժանքներ է անցկացրել Մինգեչաուրի ջրամբարի շրջանում • Ադրբեջան կժամանի Հվ. Կորեայի վարչապետը. օրակարգում լինելու է նաև ռազմական համագործակցությունը։

Վարժանքներ Ադրբեջանի ռազմածովային ուժերում

Վարժանքներ Ադրբեջանի ռազմածովային ուժերում

Նոյեմբերի 19-ին ավարտվել են զինված ուժերի, ինչպես նաև սահմանապահ պետական ծառայության և ԱԻՆ ենթակայության ստորաբաժանումների՝ շուրջ մեկ շաբաթ տևած համատեղ վարժանքները, որոնց գլխավոր նպատակը եղել է Կասպից ծովում Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Վարժանքներում ընդգրկված էր շուրջ 5 000 հոգանոց անձնակազմ, 40 ռազմանավ ու կատեր, ինչպես նաև 20 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ։

• Ադրբեջանի ԱԻՆ փրկարար հատուկ ռիսկային ծառայության ստորաբաժանումները անցկացրել են մարտավարական զորավարժություն, որի սցենարով կասեցվել են Մինգեչաուրի ջրամբարի մոտակայքում հնարավոր դիվերսիոն գործողություններ։ Զորավարժության սցենարով դիվերսիոն խումբը պայթուցիկ էր տեղադրել ջրամբարի մոտակայքում, որը գտնելու և վնասազերծելու համար ներգրավված էին ինչպես կինոլոգները, այնպես էլ փրկարար հատուկ ռիսկային ծառայության սակրավորները։

• Ադրբեջանի ՊՆ պաշտոնաթերթի նոյեմբերի 19-ի համարում լույս է տեսել նույն ամսվա 12-ին հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռը խոցած զինծառայող Իլքին Մուրադովի հետ հարցազրույցը, որում վերջինս ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ կապված առաջնագծում գրանցված միջադեպի հետ։ Նրա խոսքերում ուշագրավ է այն, որ հենակետի անձնակազմը կապվել է հրամանատարական կետ և զեկուցել հակառակորդի մոտեցող ուղղաթիռների մասին, ինչից հետո հաջորդել է հրամանը՝ խոցել դրանք, եթե մուտք գործեն հետակետի պատասխանատվության գոտի։

• Նոյեմբերի 19-ին երկօրյա այցով Պակիստան մեկնած ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի նախագահին, պաշտպանության նախարարին և բարձրաստիճան մի շարք այլ զինվորականների։ Պակիստանի նախագահն առաջարկել է Ադրբեջանին ավելի մեծ թվով կուրսանտներ և կադետներ ուղարկել Իսլամաբադ՝ վերապատրաստում անցնելու համար։ Ավիացիայի ոլորտում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Թահիր Ռաֆիքի հետ։

• Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ առաջնագծում հայկական կողմի արձակած գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող, 1995-ին ծնված շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։

• Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով  Բաքու է ժամանելու Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ Վոնը, ում ընդունելու է նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ քննարկվելու են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ոլորտներին վերաբերող հարցեր։

Ռազմաշաբաթը նաև Հայաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *