Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Կասպրշիկին ՊԲ հատուկ գործողության մանրամասները

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խնդրանքով ներկայացրել է անցյալ շաբաթ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն անկման վայրից դուրս բերելու՝ Պաշտպանության բանակի հատուկ գործողության մանրամասներ և ապացույցներ:

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱՆջեյ Կասպրշիկին

Ձախից՝ աջ. Անջեյ Կասպրշիկ, Սեյրան Օհանյան, Դավիթ Տոնոյան, 19 նոյեմբերի 2014թ.

Ավելացնենք, որ ՊԲ մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՊԲ հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի անկման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հետագայում խոցման պահի մանամասները պարզելու համար։

Ավելի ուշ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինների տարհանման գործողության մանրամասներ։ Տեսանյութում ցույց է տրվում ուղղաթիռի զոհված օդաչուներից մեկի մարմինը, ինչն ապացուցում է, որ մարմինները դուրս բերելու գործողության վերաբերյալ ադրբեջանական կողմի պաշտոնական հերքումը չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանելով հայկական կողմի հատուկ գործողությունը՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տեսանյութում նշում է, որ մինչ օրս հայկական կողմը փորձում էր տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Կարմիր Խաչի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ զննել ուղղաթիռի անկման վայրն ու պարզել ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը։ Սակայն ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչընդոտում էր դրան՝ կրակի տակ պահելով տեղանքն ու անգամ թույլ չտալով ԵԱՀԿ պատվիրակությանը դիտարկում անցկացնել այդ վայրում։ Դրանից ելնելով՝ պաշտպանության բանակը դիմել է հատուկ գործողության։

Նշենք, որ նոյեմբերի 18-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ, թեև ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կասպրշիկն այցելելու է հենց ուղղաթիռի անկման վայրը։

Կասպրշիկը պարզաբանել է դեպքի վայր չայցելելը. «Յուրաքանչյուր դիտարկում նախապես պլանավորվում է։ Այս դիտարկման համար մենք հայտ էինք ուղարկել ավելի վաղ, քան ուղղաթիռի խոցման միջադեպը։ Անշուշտ, այդ ողբերգությունից հետո ես ցանկացա դիտարկում իրականացնել ուղղաթիռի խոցման վայրում, բայց Ադրբեջանում իմ գործընկերն ասաց, որ իրավիճակն այդ հատվածում լարված է, հնարավոր չէ անվտանգության ապահովման երաշխիքներ տալ, ինչը մեր աշխատանքում կարևոր է»։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտպանության նախարարությունը  մեղադրեցին հայկական կողմին «հերթական սադրանք կազմակերպել փորձելու» համար՝ հայտարարելով, թե հայկական կողմը սխալ տեղեկություն է տարածել ԵԱՀԿ դիտարկման վայրի վերաբերյալ։

Սակայն Կասպրշիկը Արցախի հեռուստատեսությանը հայտնել է նաև, որ ուղղաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ ինքը դեռ բանակցություններ է վարում և այդ մասին խոսելու է նաև Բաքվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *