Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 16–22, 2014

Հայկական կողմը դուրս է բերել խոցված Մի-24-ի անձնակազմի մարմինները․ ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ • Դավիթ Տոնոյանը Կասպրշիկին է ներկայացրել ՊԲ հատուկ գործողության մանրամասները • ԵԱՀԿ դիտարկում` Ասկերանի հատվածում  • Անջեյ Կասպրշիկին ընդունել են Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը  • Հայաստանը 2012-13թթ գնել է տանկեր և զրահափոխադրիչներ • Հայկական զինուժի զինծառայողներն անցան ձմեռային նոր համազգեստի • ԶՈւ համալրման ու այլ հարցերի քննարկում ՀՀ ՊՆ-ում

Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ հետևել է Արցախում հայկական զինված ուժերի զորավարժությանը

Հայկական զինուժի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները

• Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հետագայում խոցման պահի մանամասները պարզելու համար: Հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։ ՊԲ-ն  գործողության ընթացքում կորուստներ չի կրել:

ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է նաև տեսանյութ, որում մանրամասներ է ներկայացրել հատուկ գործողության մասին։ Տեսանյութում ՊԲ հարամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշում է, որ պաշտպանության բանակը դիմել է հատուկ գործողության, քանի որ միջազգային կազմակերպությունների՝ ուղղաթիռի անձնակազմին դուրս բերելուն ուղղված ջանքերը ապարդյուն էին անցնում ադրբեջանական կողմի կոշտ ու ոչ մարդասիրական պահվածքի պատճառով։

• Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խնդրանքով ներկայացրել է անցյալ շաբաթ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն անկման վայրից դուրս բերելու՝ Պաշտպանության բանակի հատուկ գործողության մանրամասներ և ապացույցներ:

• Նոյեմբերի 18-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ,  թեև ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կասպրշիկն այցելելու է հենց ուղղաթիռի խոցման վայրը: Հետագայում այն հարցին, թե ինչու դիտորդական խումբը չի այցելել ուղղաթիռի անկման վայր, Կասպրշիկը պատասխանել է, որ Ադրբեջանում անվտանգության երաշխիքներ չեն տվել նրա գործընկերոջը։

• Նոյեմբերի 17-ին, ապա նաև 18-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Վերջիններս դեսպանի հետ քննարկել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրերին վերաբերող հարցեր: Սեյրան Օհանյանը նույն թեմայով զրուցել  է նաև ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

• 2013 թվականին Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերին է մատակարարել 35 միավոր Տ-72 տանկ և 110 միավոր ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, որոնք մինչ այդ օգտագործվել են ռուսաստանյան զինված ուժերում։  «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի մանրամասներն` այստեղ:

• Նոյեմբերի 15-ից հայկական զինված ուժերը կանցնեն նոր նմուշի դաշտային ձմեռային համազգեստի։ Թե ինչ փոփոխություններ ու առավելություներ ունի նոր համազգեստը Ռազմինֆոյի հետ զրույցում պատմել է զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը։

• Նոյեմբերի 20-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներին վերաբերող հարցեր:

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *