Ադրբեջանի ԱԻՆ-ը վարժանքներ է անցկացրել Մինգեչաուրի ջրամբարի հատվածում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար հատուկ ռիսկային ծառայության ստորաբաժանումները անցկացրել են մարտավարական զորավարժություն, որի սցենարով կասեցվել են Մինգեչաուրի ջրամբարի մոտակայքում հնարավոր դիվերսիոն գործողություններ։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Մինգեչաուրի ջրամբարն արբանյակային լուսանկարում

Մինգեչաուրի ջրամբարն արբանյակային լուսանկարում

Նշվում է, որ վարժանքները ղեկավարել է նախարարության փրկարար հատուկ ռիսկային ծառայության պետի առաջին տեղակալ, շտաբի պետ գեներալ-մայոր Մեհերրեմ Հասանովը։

Վարժանքների ընթացքում ծառայության ստորաբաժանումները շրջափակել են ջրամբարի «ռիսկային գործոնով» հատվածը, որից հետո որոնողական աշխատանքներն են սկսել կինոլոգները՝ արդյունքում հայտնաբերելով ջրամբարի մոտակայքում տեղադրված պայթուցիկը։ Նրանց փոխարինելու են եկել սակրավորները, ովքեր վնասազերծել են հայտնաբերված պայթուցիկը՝ այն ապահով վայր տեղափոխելուց հետո։

Հրապարակման մեջ նշվում է, որ ջրամբարի այն հատվածում, որտեղ անցկացվում էին վարժանքները, սահմանվել է 24-ժամյա հսկողություն, որի ընթացքում իրենցից վտանգ ներկայացնող պայմանական անձինք հայտնաբերվել և վնասազերծվել են։ Զորավարժությունում ընդգրկված էր ընդհանուր առմամբ 132 հոգանոց անձնակազմ և 22 միավոր տեխնիկա։

Հիշեցնենք՝ 2014-ի օգոստոսի 7-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ ադրբեջանական ուժերը վախենում են Մինգեչաուրի ջրամբարում հայկական կողմի գործողություններից։ Այս հայտարարությունն անհանգստության մեծ ալիք բարձրացրեց հարևան երկրում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն Օհանյանի խոսքը որակեցին որպես սպառնալիք։

Հավելենք, Մինգեչաուրի ջրամբարը համարվում է Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտներից մեկը։ Այն կառուցված է Կուր գետի ավազանում, զբաղեցնում է 605 կմ2 մակերես։

One response to “Ադրբեջանի ԱԻՆ-ը վարժանքներ է անցկացրել Մինգեչաուրի ջրամբարի հատվածում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 16-22 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *