«Ադրբեջանաղարաբաղյան շփման գծում հակառակորդի կողմից խախտումներ եղել են». Ս. Հասրաթյան

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

Razm.info-ն ԼՂ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե որքանով է պահպանվել հրադադարը Արցախի հետ սահմանին և արդյոք այսօր՝ նախորդ օրերի համեմատ, թշնամու կողմից հրադադարի խախտման ավելի մեծ ակտիվություն է գրանցվել: «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից խախտումներ եղել են, սակայն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների: Շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից վստահորեն վերահսկվում է: Ադրբեջանական կողմը հրադադարի խախտման առումով միշտ էլ ակտիվություն է դրսևորում. հայկական կողմից տուժածներ չկան»,- Razm.info-ի հետ զրույցում ասաց Սենոր Հասրաթյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *