Սեյրան Օհանյանն Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է խոցված Մի-24-ի անձնակազմի ճակատագիրը

Նոյեմբերի 19-ին Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Կողմերը քննարկել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈւ խոցած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱՆջեյ Կասպրշիկին

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱՆջեյ Կասպրշիկին

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ, թեև ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կասպրշիկն այցելելու է հենց ուղղաթիռի խոցման վայրը։

Կասպրշիկը խոցման վայր չայցելելու մասին Արցախի հեռուստատեսությանը հայտնել է, որ «Յուրաքանչյուր դիտարկում նախապես պլանավորվում է։  Այս դիտարկման համար մենք հայտ էինք ուղարկել ավելի վաղ, քան ուղղաթիռի խոցման միջադեպը։  Անշուշտ, այդ ողբերգությունից հետո ես ցանկացա դիտարկում իրականացնել ուղղաթիռի խոցման վայրում, բայց Ադրբեջանում իմ գործընկերն ասաց, որ իրավիճակն այդ հատվածում լարված է, հնարավոր չէ անվտանգության ապահովման երաշխիքներ տալ, ինչը մեր աշխատանքում կարևոր է»։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու այդ երկրի պաշտպանության նախարարությունը  «մեղադրում էին հայկական կողմին հերթական սադրանքում»՝ հայտարարելով, թե հայկական կողմը սխալ տեղեկություն է տարածել դեսպան Կասպրշիկի դիտարկման վայրի վերաբերյալ։

Կասպրշիկը Արցախի հեռուստատեսությանը հայտնել է նաև, որ ուղղաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ ինքը դեռ բանակցություններ է վարում և այդ մասին խոսելու է նաև Բաքվում:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչք կատարելիս խոցվել է հայկական զինուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցման հետևանքով, ըստ նախնական տեղեկության, անձնակազմի անդամները զոհվել են: Ուղղաթիռն ընկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում։ Հայկական կողմը հայտարարել է, որ ուղղաթիռը հակառակորդի օդային սահմանը չի հատել։

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում։

Սակայն արդբեջանական կողմը շարունակել է կրակել ընկած ուղղաթիռի ուղղությամբ, ինչի պատճառով հայկական զինված ուժերի զինծառայողներին չի հաջողվում մոտենալ անկման վայրին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *