Զեկույց. Հայաստանը 2012-13թթ. գնել է Տ-72 տանկեր ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ

2013 թվականին Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերին է մատակարարել 35 միավոր Տ-72 տանկ, որոնք մինչ այդ օգտագործվել են ռուսաստանյան զինված ուժերում։ Ս.թ. հունիսին Ռազմինֆոն արդեն հայտնել էր այս մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների վրա, սակայն առանց մանրամասների: Այժմ այս տեղեկությունը՝ լրացուցիչ մանրամասներով, հաստատվել է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցում:

ՊԲ Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս

ՊԲ Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս

Կազմակերպության զեկույցի համաձայն՝ տանկերի մատակարարման վերաբերյալ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2012 թվականին, իսկ մատակարարումն իրականացվել է 2013թ.: Կենտրոնի գնահատմամբ՝ հայկական կողմը գնել է տանկերը մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլարով (1,4 մլն դոլար մեկ միավորի համար):

Զեկույցի տվյալներով՝ նույն 2012թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է նաև 110 միավոր ԲՏՌ-80 զրահափոխադրիչ, որոնք նույնպես մինչ այդ կիրառվել էին ռուսաստանյան զինված ուժերում: Այս մասին նույնպես մինչ այս հայտնի էր ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների զեկույցից, բայց առանց մանրամասների:

Զրահափոխարդիչների մատակարարումը նույնպես կատարվել է 2013թ., իսկ դրանց համար հայկական կողմը, աղբյուրի գնահատականներով, վճարել է մոտ 30 մլն դոլար (մոտ 270 հազար դոլար մեկ միավորի համար):

Ավելացնենք, որ հայկական զինված ուժերի տանկային սպառազինության հիմնական մասը հենց Տ-72 տանկերն են: Ռազմինֆոյի գնահատականով հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակը) մինչ այդ կար այս տիպի 530-540 միավոր տանկ:

Ինչ վերաբերում է ԲՏՌ-80 զրահափոխադրիչներին, ապա դրանք համեմատաբար նորություն են, քանի որ մինչ այդ դրանցից հայկական զինված ուժերում, ըստ Military Balance-2014 զեկույցի, եղել է ընդամենը մի քանի հատ: Հայկական բանակում հիմնականում կիրառվել են նույն ընտանիքի ավելի վաղ արտադրված ԲՏՌ-60 ու ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ:

3 responses to “Զեկույց. Հայաստանը 2012-13թթ. գնել է Տ-72 տանկեր ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ

  1. Pingback: Доклад: Армения в 2012-13гг приобрела танки Տ-72 и бронетранспортеры БТР-80 | 1in.am Russian

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 16–22, 2014 | Ռազմ.info

  3. Pingback: «Ուրալվագոնզավոդը» մտադիր է արդիականացնել արտասահմանյան երկրների ԲՏՌ-80 զրահափոխադրիչները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *