ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ Ասկերանի հատվածը

Նոյեմբերի 18-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ, հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Խրիստո Խրիստովը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, մայոր Վիտալի Բելոկոնը:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն, ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը, ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ղեկավար, գնդապետ Մարկուս Վիդմերը:

Ավելացնենք, որ մինչ դիտարկումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, քննարկել նոյեմբերի 12-ին թշնամու խոցած հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը , ինչպես նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *