ՊՆ. «Հակառակորդի դիվերսիոն առաջխաղացումը կասեցնելիս զոհվել է 3 հայ զինծառայող»

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին: