Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և իր ուկրաինացի գործընկեր Պավել Կլիմկինը նոյեմբերի 10-ին Կիևում ունեցել են դռնփակ հանդիպում, որի որոշ մանրամասներ, այդուհանդերձ, հայտնի են դարձել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հանդիպումից հետո արտգործնախարարները համատեղ մամլո ասուլիս են ունեցել, որի ընթացքում Կլիմկինը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել ակտիվորեն շարունակել ազատ առևտրային գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները, և այդ հարցերը քննարկելու համար Կիևում 2015-ի առաջին քառորդում կգումարվի աշպատանքային խմբի նիստ:
Չավուշօղլուն իր հերթին նախքան տնտեսական հարցերին անդրադառնալը ևս մեկ անգամ հաստատել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անկախությունն ու ուկրաինական կողմի հետ քննարկում է Ղրիմի թաթարներին օգնելու հարցը: Արտգործնախարարը նշել է, որ նախատեսվում է տեղի բնակչության վիճակը գնահատելու համար Ղրիմ ուղարկել ոչ պաշտոնական պատվիրակություն, ինչպես նաև օժանդակել այնտեղ գործող «Թուրքական համագործակցություն և զարգացում» գործակալությանը և «Կրոնական գործերի գրասենյակին», որոնց միջոցով Թուրքիան աջակցում է ղրիմաբնակ թաթաներին:
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ թուրքերը պատրաստ են տարածք տրամադրել Ղրիմի թաթարներին՝ Կուլուլտայ (համազգային հավաք) անցկացնելու համար կամ աջակցել վերջիններիս համագումարն անցկացնել Ուկրաինայում կամ որևէ այլ վայրում, բայց նման քայլ անելուց առաջ կարևորել է հանգամանորեն քննարկել դրա բոլոր հնարավոր դրական և բացասական հետևանքները:
Նշենք, որ Կիև կատարած այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպումներ է ունելցել նաև Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էրթուղրուլ Ափաքանի և Ուկարինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ քննարկելով ազատ առևտրային գոտի ստեղծելու, ղրիմաբնակ թաթարներին աջակցելու և Դոնբասում խաղաղությունը վերահաստատելու անհրաժեշտության հարցերը:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև թուրք մեսխեթցիների և թաթարների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել, մեջլիսում Ղրիմի թաթարների ներկայացուցիչ Ռիֆաթ Չուբարովը, ուկրաինաբնակ թուրք մեսխեթցիների ներկայացուցիչ Մարաթ Ռասուլօղլուն և Կիևում Թուրքիայի դեսպան Ջան Յոնեթ Թեզելը:
Դռնփակ հանդիպումից հետո Ռասուլօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան հատվածում զինված բախումների հետևանքով Սլավյանսկում տուժել է ավելի քան 2000 թուրք մեսխեթցի, և իրենք այս հարցում կնկալում են Թուրքիայիաջակցությունը:
Հավելենք, որ հարաբերությունները ստրատեգիական գործընկերության մակարդակի բարձրացնելու և նոր ձևաչափի հարաբերությունները կյանքի կոչելու համար ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդը ստեղծվել է 2011-ին՝ այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագարած համատեղ հռչակագրով: