Նոյեմբերի 11-ին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստին հաջորդել են երկկողմ մի շարք հանդիպումենր, որոնց շրջանակներում աշխատանքային քննարկում են ունեցել նաև Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ու նրա ղազախստանցի պաշտոնակից Իմանգալի Թասմագամբեթովը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախ հաստատվել է երկու երկրների միջև 2015 թվականի ռազմական համագործակցության պլանն, ինչպես նաև քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Դրանց շրջանակներում, կողմերը կարևորել են Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերի անցկացրած համատեղ վարժանքները՝ ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։
Անդրադառնալով դրանց՝ նշենք, որ 2013-ի հունվարին մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, թե նույն տարվա ընթացքում Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հաջորդիվ, սկայն, այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք անցկացվեցին այդ վարժանքները, թե ոչ։