Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 2-8

Վարժանքներ ռազմածովային ուժերում • Պաշտպանության նախարարի այցը զինված ուժերի ուսումնական կենտրոններ • Ադրբեջանում է թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը • Զինվորական երդում են տվել սահմանապահ ծառայության նորակոչիկները • Մահվան ելքով միջադեպ ներքին զորքերի զորամասում • Զինծառայողների հոգեբանական վիճակը հրամանատարության ուշադրության կենտրոնում։ • Ադրբեջանի զինված ուժերի օգնության հիմնադրամն ամփոփում է անցած 10 ամիսների արդյունքները։

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

Գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն առաջնագծում

• Նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի ռազմածովային ուժերն անցկացրել են վարժանքներ, որոնց ընթացքում զորատեսակի հրամանատարությունը ստուգել է մասնակից ստորաբաժանումների մարտական առաջադրանքների կատարման մակարդակը, ինչպես նաև հրամանատարների՝ ռազմանավերը ճկուն ղեկավարելու կարողությունները։

• Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 4-ին այցելել է զինված ուժերի զորախաղերի կենտրոն, որտեղ ծանոթանալով տեխնիկական առկա միջոցներին, անցկացրել է խորհրդակցություն՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, զինված ուժերի զորամիավորումների և տարբեր զորատեսակների հրամանատարների հետ։

• Նոյեմբերի 5-ից 8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող՝ թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն այցելել է առաջնագիծ, որտեղ ծանոթացել է ինչպես զինծառայողների կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական պատրաստության բաղկացուցիչներին։

• Նոյեմբերի 5-ին Զաքիր Հասանովն այցելել է զինված ուժերի ուսումնավարժական կենտրոն, որտեղ կայացել է պահեստայինների վերապատրաստման դասընթացների ավարտական միջոցառումը։ Դասընթացներն ավարտած պահեստազորայիններին նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի կոչում։

• Նոյեմբերի 2-ին սահմանապահ պետական ծառայության Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված զորամասերից մեկում կայացել է նորակոչիկների երդմնակալության արարողությունը, որին ներկա է եղել նաև ծառայության պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Ազադ Էլեգբերովը։

• Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի ներքին զորքերի՝ Ղուբայում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է արտակարգ միջադեպ՝ մահվան ելքով։ Շարքային Մեմմեդով Մահիրն ավտոմատով կրակել է իր ծառայակցի՝ շարքային Մուսաև Ադիլի վրա, ով տեղում մահացել է։

• Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել են հոգեբաններ։ Նրանց մասնակցությամբ զինված ուժերի ուսումնական կենտրոնում կայացել է խորհրդակցություն։

• Ադրբեջանում զինված ուժերի աջակցման հիմնադրամը 2014թ. 10 ամիսներին տարբեր արժույթներով հավաքել է ընդհանուր առմամբ 9մլն 793 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական միջոցներ։ Նշվում է, որ եվրոյի արժույթով հիմնադրամին հանգանակել են 593 պայմանական միավոր, իսկ ռուբլու հաշվեհամարին փոխանցումներ չեն եղել։

• Ադրբեջանի ներքին զորքերի՝ Գյանջայում (Գանձակ) տեղակայված զորամասերից մեկում դեռևս չհաստատված տեղեկություններով գրանցվել է միջադեպ։ Նոյեմբերի 5-ին զորամասի ենթասպաներից մեկը մարմնական վնասվածք է հասցրել զինծառայողներից մեկին, ինչից հետո դիմել է փախուստի:

Ռազմաշաբաթը նաև՝ Հայաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *