Իտալիայի նոր ռազմական կցորդ է հավատարմագրվել Հայաստանում

Նոյեմբերի 6-ին  Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին, ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջիովաննի Արմենտանիին (նստավայրը` Մոսկվա) և ռազմածովային կցորդ, 1-ին կարգի կապիտան Ալեսանդրո Մարիա Դիոնիջիին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

Հայաստանում Իտալիայի դեսպանության պատվիրակության հետ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հայաստանում Իտալիայի դեսպանության պատվիրակության հետ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է 1-ին կարգի կապիտան (համազոր է գնդապետին) Դիոնիջիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում նոյեմբերի կեսերից հայ խաղաղապահների տեղակայումը պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունների նոր փուլի մասին է վկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

Ավելացնենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) այդ երկրում գործում են 1978-ից:

Հայաստանն այս տարվանից նույնպես միանալու է առաքելությանը, ինչի համար պաշտպանության նախարարությանը խաղաղապահ առաքելության շրջանակներում ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկելու Լիբանան, որտեղ զինծառայողները Իտալիայի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման կազմում կհսկեն ՄԱԿ-ի ռազմական բազաներ: Իտալիայի ստորաբաժանման կազմում հայ զինծառայողների ծառայության մասին տեխնիկական համաձայնագիրը կնքել են երկու երկրների պաշտպանության նախարարները 2014-ի հունիսի 4-ին Բելգիայում:

Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը: Ներկայում Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները նմանատիպ առաքելությունների շրջանակներում ծառայություն են իրականացնում նաև Աֆղանստանում ու Կոսովոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *