Վրաստանի վարչապետը «դավաճան» է անվանել Ալասանիային

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելուց հետո քաղաքական դաշտում կրքերն ավելի թեժանում են։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ մի շարք վիրավորական բառերով պիտակավորել է արդեն նախկին նախարարին։ Այս մասին հայտնում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջագուրվում է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ.  Նկարը՝ agenda.ge 16.02.2014թ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջագուրվում է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ. Նկարը՝ agenda.ge 16.02.2014թ

«Այն, ինչ նա արել է, դավաճանություն է, վրաստանյան հասարակությանը խաբելու հերթական փորձը։ Ինչքան շուտ մենք ազատվենք դավաճաններից, այնքան լավ Վրաստանի ժողովրդի համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը խոստացել է նաև Ալասանիայի մասին «մեծ անակնկալներ» բացահայտել։

Տեղեկացնենք, որ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը վերջին օրերին բավական լարվել է։ Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, ով հայտարարել էր, թե ՊՆ և ԶՈւ ԳՇ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը «նպատակաուղղված հարձակում են» պաշտպանության նախարարության վրա։ Խոսքը Վրաստանի գլխավոր դատախազության իրար հետևից հայտարարած միանգամից երեք քրեական գործի մասին է, որոնցում ներգրավված են ՊՆ ու ԶՈւ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանցից ամենաշատն աղմուկ է բարձրացրել «պետական միջոցների անօրինական յուրացման» հոդվածքով գործը։ 5 աշխատակից մեղադրվում են շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու համար։

Հետաքրքրական է, որ Վրաստանի մի շարք հեղինակավոր ոչ կառավարական ութ կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որում նշում են, թե Վրաստանի գլխավոր դատախազությունը ծանրակշիռ փաստարկներ չի բերել գործի վերաբերյալ։

Զարգացումներից անմասն չի մնում նաև Վրաստանի ռազմական դաշնակիցներից ԱՄՆ-ն։ Երբ գլխավոր դատախազությունը դեռ նոր էր հայտարարել գումարի յուրացման գործի մասին, Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտնեց, որ ԱՄՆ-ն լիովին վստահում է Ալասանիային, իսկ երբ նախկին նախարարը գնացել էր պաշտպանության նախարարություն աշխատակիցներին հրաժեշտ տալու, նրան տեսակցելու էր շտապել նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել.

«ԱՄՆ-ն անհանգստացած է պաշտպանության նախարարի և իր տեղակալների պաշտոնանկությամբ, ինչպես նաև մյուս քաղաքական գործիչների հրաժարականներով։ Մենք բարձր ենք գնահատում այդ նախարարների աշխատանքն ու համագործակցությունն ԱՄՆ-ի հետ ի նպաստ իրենց երկրի։ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնք կփաստեն, որ գլխավոր դատախազությունը չի օգտագործվում քաղաքական նպատակներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանն այն է, որ Ալասանիայի պաշտոնանկությունից հետո մեկը մյուսի հետևից հրաժարական տվեցին նաև Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և նրա տեղակալները։ Վարչապետ Ղարիբաշվիլին հրաժարականներից հետո ստորագրեց նաև Ալասանիայի տեղակալներին ազատելու մասին հրամանը։
Այսպիսով՝ Ղարիբաշվիլին պետական դաշտը հնարավորինս զտեց Ալասանիայի կողմնակիցներից։

Սպասվում էր, որ հրաժարական կտա նաև արդարադատության նախարարը, սակայն վերջինս նախընտրեց մնալ պետական համակարգում։

Հավելենք նաև, որ Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *