Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն մի շարք հանդիպումներ է ունեցել Պենտագոնի բարձրաստիճան զինվորականների հետ և քննարկել երկուստեք հետաքրքրող անվտանգության հարցեր։
Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։
ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռեյմոնդ Օդիերնոի հետ զրույցում Կապանաձեն խոսել է տարածաշրջանային անվտանգության և առկա մարտահրավերների մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև անվտանգության գլոբալ վտանգներն ու Սիրիայի և Իրաքում զարգացող իրադրությունները։
Կապանաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի զինված ուժերին աջակցելու համար, ինչպես նաև նշել, որ հենց ԱՄՆ-ի շնորհիվ է, որ Վրաստանի բանակն այսօր համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։
ԳՇ պետը կարևորել է նաև ԱՄՆ աջակցությունը վրաստանցի զինծառայողների վերականգնողական աշխատանքներում. Օգոստոսյան պատերազմում և միջազգային առաքելություններում վիրավորված զինծառայողները պրոթեզավորվում են ԱՄՆ-ում։
Հանդիպումների թվում Կապանաձեն զրուցել է նաև ԱՄՆ միացյալ շտաբերի պետ, գեներալ Մարթին Դեմփսիի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ներկա վիճակն ու անդրադարձել հետագա փոխգործակցությանը։
Ըստ կայքի հաղորդագրության՝ ևս մեկ կարևոր հանդիպում եղել է նաև ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի տեղակալ, գեներալ Ջոն Փաքսթոնի հետ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ԱՄՆ ծովային հետևակայինների և վրաստանյան զինծառայողների միջև ISAF (Միջազգային անվտանգության աջակցման ուժեր) առաքելության ավարտից հետո։