Վրաստանի վարչապետը պաշտոնից ազատել է նաև Իրակլի Ալասանիայի տեղակալներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 5-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի բոլոր տեղակալներին, հայտնում է Эхо Кавказа ռադիոկայանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Ինչպես երևում է, վարչապետը փորձում է դաշտը մաքրել Ալասանիայի կողմնակիցներից։

Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Իրակլի Ալասանիան գնացել էր պաշտպանության նախարարություն՝ հրաժեշտ տալու իր աշխատակիցներին։ Ալասանիային տեսակցելու էր եկել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։

Պաշտոնանկությունից հետո Իրակլի Ալասանիան, անդրադառնալով զինված ուժերին, նշել էր, որ բանակն ապաքաղաքական կառույց է և մյուս նախարարների պաշտոնավարման ժամանակ ևս շարունակելու է պահպանել երկրի անվտանգությունը։

Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն իր հերթին նշել է, որ բանակը քաղաքական որևէ կողմի մաս չէ, այն անկախ կառույց է և գլխավոր շտաբը շարունակում է աշխատել իր սովորական ռեժիմով ու կատարում է իր պարտականությունները։

Նա նար նշել է, որ Ալասանիան իր պաշտոնավարման ընթացքում շատ բան է արել զինված ուժերի համար ու նրա կառավարման ժամանակահատվածն անվանել զինված ուժերի ամենահաջող փուլերից մեկը։

Տեղեկացնենք նաև, որ Ալասանիայի պաշտոնանկությունից հետո, «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցությունը, որին պատկանում էր նաև նախարարը, դուրս է եկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից։

Հիշեցնենք, որ Ալասանիային պաշտոնից ազատելու մասին հայտնել էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նոյեմբերի 4-ին։ Որպես նախարարի պաշտոնանկության պատճառ են նշվում ՊՆ-ի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու պաշտպանական գերատեսչության և Գլխավոր դատախազության միջև առաջացած վեճերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *