Ադրբեջանում զինված ուժերի աջակցման հիմնադրամը 2014-ի 10 ամիսներին տարբեր արժույթներով հավաքել է ընդհանուր առմամբ 9մլն 793 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական միջոցներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությունը։
Նշվում է, որ եվրոյի արժույթով հիմնադրամին հանգանակել են 593 պայմանական միավորի չափով, իսկ ռուբլու հաշվեհամարին փոխանցումներ չեն եղել (չնայած նրան, որ ադրբեջանցիները Ռուսաստանում մեծ թիվ են կազմում)։ Մնացած բոլոր հանգանակությունները եղել են ադրբեջանական մանաթով կամ ամերիկյան դոլարով։
Նշենք, որ զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002-ին՝ Ադրբեջանի նախագահի հրամանով, որում նշվում է, որ դրա նպատակը ֆիզիկական և իրավաբանական անձանց գումար հանգանակելու հնարավորություն տալն է, եթե դրանք վաստակած են օրինական ճանապարհով։
Ուշագրավ է նաև այն, որ միլիարդանոց ռազմական բյուջեի մասին մշտապես բարձրաձայնող Ադրբեջանում, փաստորեն, ավելորդ չեն համարում նման հիմնադրամի գոյությունը, որի միջոցներն, ի դեպ, ուղղվում են հենց բանակի կարիքներին, այլ ոչ ասենք վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։
Հիշեցնենք, որ նման հիմնադրամ ստեղծվել էր նաև Ուկրաինայում՝ այն բանից հետո, երբ 2014-ի գարնանը երկրի հարավ-արևելքում հասունացավ զինված հակամարտություն։ Տարիներ շարունակ բարձիթողի վիճակում թողնված բանակի նյութատեխնիկական ապահովման համար ստեղծված հիմնադրամին կարելի էր հանգանակել՝ հատուկ սահմանված համարին ուղարկելով կարճ հաղորդագրություն։