Վրաստանի վարչապետը գնահատական է տվել պաշտպանության նորանշանակ նախարարին

Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային և այդ պաշտոնում նոյեմբերի 5-ին նշանակել կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը ղեկավարող Մինդիա Ջանելիձեին, հայտնում է վրաստանյան Civil.ge լրատվական կայքը։

Վրաստանի վարչապետն (ձախից) ու պաշտպանության նորանշանակ նախարարը

Վրաստանի վարչապետն (ձախից) ու պաշտպանության նորանշանակ նախարարը

«Ես հաջողություն եմ մաղթում Ջանելիձեին և համոզված եմ, որ նա ավելի լավ նախարար է լինելու, քան Իրակլի Ալասանիան»,- պաշտպանության նորանշանակ նախարարին ներկայացնելիս ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարարն, իր հերթին, վստահեցրել է, որ անփոփոխ է մնալու զինված ուժերի զարգացման ուղղությունը։

«Ամեն ինչ կանենք ՆԱՏՕ-ին ավելի մոտ լինելու համար։ Շարունակելու ենք համագործակցել մեր ռազմավարական դաշնակիցների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները»,- նշել է Մինդիա Ջանելիձեին։

Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան էլ խոսելով Մինդիա Ջանելիձեի մասին՝ նշել է, որ նա բավական հայրենասեր մարդ է։

«Ծանոթ եմ Ջանելիձեին ու վստահ եմ, որ նա հաջողությամբ կշարունակի պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Ես մտադիր եմ հանդիպել նրան ու հանձնել կառավարման ղեկը»,- վրաստանյան Ռուսթավի 2 հեռուստաընկերության եթերում ասել է Իրակլի Ալասանիան։

Տեղեկացնենք, որ 36-ամյա նոր նախարարն ավարտել է Վրաստանի պետական անվտանգության ակադեմիան, մասնագիտությամբ իրավաբան է։ 2012 թվականից ղեկավարել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզությունը, իսկ մինչ այդ նույն գերատեսչությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, կոչումով գնդապետ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Մայրենիից բացի, տիրապետում է ռուսերենին և անգլերենին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *