Պաշտպանության նոր նախարար, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ալիք Վրաստանում

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո հրաժարական են տվել արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և նրա բոլոր տեղակալները, նրանք նաև դուրս են եկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից։

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն
Նկարը՝ Newsgeorgia-ից

Այս մասին նրանք հայտարարել են նոյեմբերի 5-ին հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Newsgeorgia լրատվակայքը։

Հրաժարական տված պաշտոնյաների թվում են Դավիդ Զալկալիանին, Թամարա Բերուչաշվիլին, Վլադիմիր Գուրգենիձեն, ինչպես նաև Դավիդ Ջալագանիան, ով այս պահին Կուբայում է պաշտոնական այցով։

Հավելենք, որ Ալասանիայի ազատումից հետո հրաժարական է տվել նաև Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին։

Վերջիններիս հրաժարականների մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Իհարկե սպասում էինք, որ Պետրիաշվիլին և Փանջիկիձեն հրաժարական կտան։ Ափսոս, որ Մայան նախընտրեց ընտանիքը և ոչ թե երկիրն ու պետությունը»։ Տեղեկացնենք, որ Մայա Փանջիկիձեն Իրակլի Ալասանիայի կնոջ՝ Նատի Փանջիկիձեի քույրն է։

Վարչապետը նախկին պաշտոնյաների մասին մեկնաբանել է, երբ պաշտոնապես ներկայացրել է պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեին։

Մինչև պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնելը Ջանելիձեն ղեկավարել է կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Գլխավոր դատախազությունը հարուցել է միանգամից 3 քրեական գործ, որոնցում ներգրավված են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Առաջին միջադեպի մասին հայտնի դարձավ, երբ Ալասանիան բացակայում էր երկրից և աշխատանքային այցով մեկնել էր արտերկիր: Պետական միջոցների յուրացման կասկածանքով ձերբակալվել էին ՊՆ և ԳՇ համակարգի 5 աշխատակից: Միջադեպի առնչությամբ լրատվամիջոցները սկսեցին լուրեր շրջանառել, թե հնարավոր է Ալասանիան հրաժարական տա:

Ինքն Ալասանիան նոյեմբերի 4-ին հայտարարել էր, որ սա «նպատակաուղղված հարձակում է» պաշտպանության նախարարության դեմ և պահանջել էր իշխող քաղաքական կոալիցիայի համարժեք արձագանքը:

Հետաքրքրական է, որ չնայած Վրաստանի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները՝ իր դեսպանի միջոցով, իրենց աջակցությունն էին հայտնում նախարարին, միևնույնն է, «Վրացական երազանքը» Ալասանիային «հանեց խաղից»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *