Ադրբեջանում 2014-ի հոկտեմբերի 30-ին ավարտվել է այդ երկրում տարեկան չորս անգամ անցկացվող զորակոչերից վերջինը, որին հաջոդրել են երկրի ուժային կառույցների մի շարք զորամասերում նորակոչիկների երդմնակալության արարողություններն ու հանդիսավոր այլ միջոցառումները։
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, նոյեմբերի 2-ին սահմանապահ պետական ծառայության Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված զորամասերից մեկում կայացել է նորակոչիկների երդմնակալության արարողությունը, որին ներկա է եղել նաև ծառայության պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Ազադ Էլեգբերովը։
Արարողության ժամանակ զորամասի հրամանատար, գնդապետ Մեհման Յուսիֆովը ընթերցել է նաև սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորական ուղերձը, որին հաջորդել է արդեն բուն երդմնակալության արարողությունը։
Նշենք, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը բաղկացած է սահմանապահ 9 ջոկատներից, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, սահմանապահ ուղեկալներից։ Դրան տեղակայված են Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Կասպից ծովի առափնյա գոտում։ Ջալիլաբադի շրջանում տեղակայված ուղեկալներն իրականացնում են Իրանի հետ պետական սահմանի պահպանությունը։
Հավելենք, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության անձնակազմը համալրվում է զորակոչային հիմունքով։ Զորատեսակը 2002 թվականի հուլիսին երկրի նախագահի հրամանով դուրս բերվեց ազգային անվտանգության նախարարության կազմից (սահմանապահ զորքերի վարչություն) և դարձավ ուժային առանձին կառույց, որը ենթարկվում է անմիջապես երկրի ղեկավարին։