Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ստուգայցերը առաջնագծի զորամասեր • Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են տեղեկություններ փոխանակել Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ • Պաշտոնական այցով Բաքու են ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի և ժանդարմերիայի հրամանատարները • Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են ավելի մեծ թվով բժիշկներ վերապատրաստել Անկարայի ռամզաբժշկական ակադեմիայում • Ադրբջանցի զինվորականները կմասնակցեն միջազգային մի շարք միջոցառումների։

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովն ու Նեջմեդդին Սադիգովն առաջնագծում

• Հոկտեմբերի 27-ին և 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցերով եղել է զինված ուժերի առաջապահ զորամասերում, որտեղ ծանոթացել է զորքերի մարտական պատրաստության աստիճանին, մարտական տեխնիկայի վիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Բանակային 3-րդ կորպուս կատարած այցի ժամանակ նախարարին են ներկայացրել նաև շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնց թվում են ինչպես զինծառայողների համար նախատեսված կացարաններն, այնպես էլ ծառայողական նշանակության շինություններ։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին Հասանովը սկսել էր ստուգայցերը դեռևս հոկտեմբերի 25-ին՝ երկրի նախագահի հանձնարարությամբ։

• Հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են տեղեկություններ փոխանակել Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ։ Մանրամասները՝ Հայաստանի ռազմաշաբաթում։

• Նոյեմբերի 5-ից 8-ն ակնկալվում է Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքանլըի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան։ Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնում սա Աքսաքանլըի առաջին այցն է Բաքու։ Դեռևս չի հաղորդվում, թե ինչ հարցեր են ընդգրկված հանդիպման օրակարգում։ Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների մի շարք մարտիկներ վերապատրաստում են անցնում Թուրքիայում։

Նոյեմբերի 11-ից 14-ը աշխատանքային այցով Ադրբեջանում է լինելու նաև թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ղեկավար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը։ Նախնական տեղեկություններով հայտնի է, որ այցի ընթացքում Աթայն ունենալու է պաշտոնական մի շարք հանդիպումներ։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Տեղեկությունը բացակայում է նաև ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության կայքում։

• Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության մի քանի սպաներ, վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի գլխավորությամբ, այցելել են Անկարայում տեղակայված Գյուլհանե ռազմաբժշկական ակադեմիա: Երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ավելացնել բուժման նպատակով Ադրբեջանից Թուրքիա ուղարկվող այն զինծառայողների քանակը, որոնք ունեն վերականգնման ու պրոթեզավորման կարիք։ Բացի այդ, Գյուլհանե ռազմաբժշկական ուսումնարանում վերապատրաստում ստանալու նպատակով այսուհետ կմեկնեն ավելի մեծ թվով քաղաքացիական և ռազմական բժիշկներ, բուժակներ և բուժքույրեր։

• Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն միջազգային մի շարք միջոցառումների, որոնց թվում են ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող վերապատրաստման դասընթացները, այնպես էլ այցելությունները միջազգային ցուցահանդեսների և մասնակցություն տարբեր սեմինարների։ Գալիք շաբաթ Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում կանցկացվեն նաև ՆԱՏՕ-ի օրեր, որոնց ներկա կլինեն ռազմական դաշինքի ներկայացուցիչները։

Ռազմաշաաբթը նաև Հայաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *