Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները • Սկսվել է զինված սահմանախախտների դատավարությունը • ՀՀ զինված ուժերը գրիպի դեմ պատվաստանյութ կստանան • Արցախում փոխվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը

Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը

• Հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ անցկացվեցին Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ, որոնց ներկա էին Հայաստանի, Ադրբեջանի նախագահներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի համանախագահների և Օլանդի հետ հանդիպումներից, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձնազրույց են ունեցել: Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ փոխանակել Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց մասին: Նշենք, որ պատերազմի հետևանքով Հայաստանում անհայտ կորած է համարվում ավելի քան 200 մարդ։

• Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Արցախի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիների դատավարությունը։ Դատական նիստը ղեկավարում է դատավոր Անատոլի Թադևոսյանը։

• ՀՀ առողջապահության նախարարությունը որպես նվիրատվություն կստանա գրիպի դեմ պատվաստանյութի 60 հազար չափաբաժին, որը կտրամադրի ինչպես Հայաստանի զինված ուժերին, այնպես էլ բուժաշխատողներին, մանկատներին, ծերանոցներին և այլն: Նախարարությունը պատվաստանյութի (կոնկրետ անվանումը չի նշվում) խմբաքանակը, որի արժեքը մոտ 600 հազար ԱՄՆ դոլար է, որպես նվիրատվություն կստանա ամերիկյան «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնից»:

• Արցախի նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Քոչարյանը։ Վերջինս նախօրեին ազատվել է Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Իսկ այդ պաշտոնում նշանակվել է Արցախի նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *