Ռուսական ռազմական ինքնաթիռներ են մոտեցել ՆԱՏՕ-ի օդային սահմաններին

ՆԱՏՕ-ի օդուժը Լատվիայի սահմանին կասեցրել է ռուսաստանյան 7 ռազմական ինքնաթիռների ընթացքը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը գրել է  «Թվիթերի» իր միկրոբլոգում: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գրասենյակը ՝ պատասխանելով AFP գործակալության հարցմանը:

Ռուսաստանի ԶՈւ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ

Ռուսաստանի ԶՈւ Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ

Հոկտեմբերի 28-ին և 29-ին՝ 24 ժամվա ընթացքում, ՆԱՏՕ-ի ռազմաօդային  ուժերը հայտնաբերել են միաժամանակ 4 ուղղություններով (Բալթիկ ծով, Հյուսիային ծով, Ատլանտյան օվկիանոս և Սև ծով)  իրենց օդային տարածքը հատած ռուսական ռազմական ինքնաթիռներ: Մանրամասները ներկայացրել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։

Հոկտեմբերի 28-ի կեսօրին ՆԱՏՕ-ի ռադարները ռուսաստանյան ռազմական ինքնաթիռներ են հայտնաբերել Բալթիկ ծովի, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Սև ծովի միջազգային օդային տարածքում։ Սև ծովում թռիչքներ են կատարել 2 Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ և 2 Սու-27 կործանիչներ, որոնց ուղեկցելու համար օդ են բարձրացվել Թուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները:

Հոկտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի ռադարներն այս անգամ հայտնաբերել են Հյուսիային ծովի և Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ շարժվող ռուսաստանյան 8  ինքնաթիռ (4 Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ, 4 Իլ-78 օժանդակ ինքնաթիռ), որից հետո օդ են բարձրացվել Նորվեգիայի Թագավորական զինված ուժերի F-16 ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների առաջխաղացումը կասեցնելու համար: Ռուսական 6 ինքնաթիռները վերադարձել են հետ, իսկ 2 Տու-95-երը՝ Նորվեգիայի ափերին զուգահեռ շարունակել են թռիչքը դեպքի հարավ-արևմուտք, ինչի արդյունքում սկզբում մոտեցել են Մեծ Բրիտանիայի, այնուհետ՝ Պորտուգալիայի ափերին, ինչի պատճառով երկու երկրների զինված ուժերը նույնպես օդ են բարձրացրել F-16 կործանիչներ՝ ռուսաստանյան երկու ինքնաթիռներին ուղեկցելու համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել միջադեպերի մասին ՆԱՏՕ-ի հայտարարություններին:

Նշենք, որ 2014 թ. մայիսի 1-ից մինչ օրս Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն պաշտպանության նկատառումներով եռապատկել է կործանիչների թիվը: Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի պաշտպանության համար ուղարկվել է Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ռազմաօդային ուժերի 12 ինքնաթիռ:

One response to “Ռուսական ռազմական ինքնաթիռներ են մոտեցել ՆԱՏՕ-ի օդային սահմաններին

  1. Կարելի է արզանագրել,որ ռուսական ռազմական ինքնաթիռների շուրջեվրոպական շրջագայությունը տեղի է ունեցել նատոյական երկրների պատվո պահակի կարգավիճակով հանդես եկած ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ:Հավանաբար Ռուսաատանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի ինքնաթիռները և նավերը կսկսեն ավելի հաճախ հայտնվել նատոյական երկրների ջրային և օդային տարածքներին մոտ,ինչպես և աշխարհի տարբեր ծագերում:Ռուսաստանի ռազմական ակտիվությունը կարող է զսպել ԱՄՆ-ին աշխարհում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները իր շահերից ելնելով տնօրինելուն;

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *