Առողջապահության նախարարությունը որպես նվիրատվություն կստանա գրիպի դեմ պատվաստանյութ 60 հազար չափաբաժին, որը կտրամադրի ինչպես Հայաստանի զինված ուժերին, այնպես էլ բուժաշխատողներին, մանկատներին, ծերանոցներին և այլն: Այս մասին հոկտեմբերի 30-ին որոշում է ընդունել ՀՀ Կառավարությունը:
Որոշման համաձայն՝ առողջապահության նախարարությունը պատվաստանյութի (կոնկրետ անվանումը չի նշվում) խմբաքանակը, որի արժեքը մոտ 600 հազար ԱՄՆ դոլար է, որպես նվիրատվություն կստանա ամերիկյան «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնից»:
Նախարարությունն ու կենտրոնը կստորագրեն հուշագիր, ըստ որի, հայաստանյան կողմը կպարտավորվի մաքսատուրքերից ու այլ ծախսերից ազատել պատվաստանյութերի ներկրումը: Նախարարությունը պատվաստանյութերը տրամադրողին պարբերաբար հաշվետվություններ կուղարկի, թե որքան պատվաստանյութ է օգտագործվել ըստ թիրախային խմբերի, որքան պատվաստանյութ է մնացել, ինչ պիտանիության ժամկետներով և այլն:
Նախարարությունն այս համաձայնության կարևորությունը հիմնավորել է նրանով, որ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ վերջին տարիներին կանխարգելում չեն իրականացնում, ինչը հիվանդության տարածման առիթ է դառնում: Առողջապահության նախարարության հիմնավորման համաձայն՝ «նշվածը ակնառու էր հատկապես անցյալ սեզոնի ընթացքում ՀՀ զինված ուժերի շրջանում»:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1 | Ռազմ.info