Ռուսաստանն ավարտել է ԱՄՆ-ի միջոցներով Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործարքը, որով ռուսաստանյան կողմը սեփական արտադրության Մի-17Վ-5 ուղղաթիռներ էր տրամադրում Աֆղանստանի զինված ուժերին, հասցվել է ավարտին: Այս մասին հայտնում է ուղղաթիռներն արտադրող Вертолеты России ընկերության կայքը:

Ռուսաստանում Ան-124 բեռնատար ինքնաթիռ են բարձրացնում Աֆղանստանի համար նախատեսված վերջին Մի-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներից մեկը

Ռուսաստանում Ան-124 բեռնատար ինքնաթիռ են բարձրացնում Աֆղանստանի համար նախատեսված վերջին Մի-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներից մեկը

Վերջին երեք ուղղաթիռը ռուսաստանյան կողմն Աֆղանստան է ուղարկել հոկտեմբերի 29-ին՝ չնայած, որ սեպտեմբերին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե ՆԱՏՕ-ն սառեցրել է ՌԴ-ի հետ Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելու ծրագիրը:

Պայմանագրի կատարման վրա չեն ազդել նաև ամերիկյան կողմի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, թեև փաստացի ԱՄՆ-ն Ռուսաստանից գնել է ուղղաթիռները: Ռուսաստանյան արտադրության ՄԻ-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներ գնելը ամերիկյան կողմը բացատրել է նրանով, որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա: Նշվում էր նաև, որ այս ուղղաթիռները առավելագույնն են հարմարեցված Աֆղանստանի լեռնային ռելիեֆին:

Այս պատճառով Պենտագոնը ԱՄՆ սենատին հորդորել է չկիրառել պատժամիջոցները ռուսաստանյան արտահանող «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ, որպեսզի պայմանագրի կատարումը չկասեցվի:

Ավելացնենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2011-ից սկսած մի քանի պայմանագիր են կնքել, որոնցով Ռուսաստանը, հիմնականում ԱՄՆ ֆինանսական միջոցների հաշվին, պարտավորվել էր ընդհանուր առմամբ 63 միավոր Մի-17Վ-5 բեռնատարներ տրամադրել Աֆղանստանի զինված ուժերին, որպեսզի տեղի կառավարական ուժերը կարողանային արդյունավետ պայքարել տեղի ծայրահեղականների դեմ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը դուրս գան երկրից:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածություն ունեին նաև ուղղաթիռների հետագա սպասարկման ու վերանորոգման վերաբերյալ, մասնավորապես 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը այդ աշխատանքների համար նախատեսված հիմնադրամին 4 մլն դոլար է հատկացնում: Ներկայում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նոր բանակցություններ են վարում սպասարկման աշխատանքները կազմակերպելու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *