Հայտնի է դարձել Ադրբեջան այցելող թուրք բարձրաստիճան ևս մեկ զինվորականի գլխավորած պատվիրակության այցի մասին։ 2014-ի նոյեմբերի 11-ից 14-ը Բաքու է ժամանելու Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Աթայն ունենալու է պաշտոնական մի շարք հանդիպումներ։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Տեղեկությունը բացակայում է նաև ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության կայքում։
Նշենք, որ Աբդուլլահ Աթայը ժանդարմերիայի գլխավոր հրամանատարն է 2014-ի օգոստոսից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի Էգեյան բանակի (շտաբը՝ Իզմիր) հրամանատարի պաշտոնը։
Հավելենք, որ Թուրքիայի ժանդամերիան կատարում է ինչպես ոստիկանական գործառույթներ, այնպես էլ մարտական առաջադրանքներ։ Գերազանցապես հենց այս զորատեսակն է կռվում Թուրքիայի հարավ-արևելքում ժամանակ առ ժամանակ ապստամբող քրդերի դեմ։ Ըստ տարբեր աղբյուրների միջինացված տվյալների, ժանդարմերիան ունի շուրջ 200 000 հոգանոց անձնակազմ։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ՝ նոյեմբերին պաշտոնական այցով Բաքու է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը։