Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է ստուգայցերը բանակային տարբեր զորամիավորումներ։ Հոկտեմբերի 28-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին նա եղել է բանակային 3-րդ կորպուսի ենթակայության զորամասերում։
Թեպետ հաղորդագրությունում այցի աշխարհագրության մասին ստույգ տեղեկություն չի նշվում, սակայն դատելով նրանից, որ նախարարին ուղեկցում է բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, կարելի է ենթադրել, որ հենց նրա ենթակայության զորամիավորումում է եղել հերթական ստուգայցը։
Ինչպես և նախորդ այցերի ընթացքում, այս անգամ ևս, Զաքիր Հասանովը եղել է զորամասերի տեխնիկայի կայանատեղիներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին, նրանց բարոյահոգեբանական վիճակին։ Բարձրաստիճան զինվորականները եղել են նաև զինավաններից մեկում, ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նշվում է, որ կառուցվում են ինչպես սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված կացարաններ, այնպես էլ ծառայողական նշանակության մի շարք օբյեկտներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ նախարար Հասանովն ու նրա առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը հոկտեմբերի 25-ին և 27-ին ստուգայցով եղել են համապատասխանաբար ինժեներական և հրետանային զորքերի զորամասերում։ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ առաջնագծի զորամասերը ստուգելու հանձնարարությունը պաշտպանության նախարարը ստացել է երկրի ղեկավարից։
Հավելենք, որ ադրբեջանական զինուժի բանակային 3-րդ կորպուսը (շտաբը՝ Շամքոր) պաշտպանական դիրքեր է զբաղեցնում ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ողջ երկայնքով։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1 | Ռազմ.info
Pingback: Զաքիր Հասանովը ստուգայցով եղել է 4-րդ բանակային կորպուսի զորամասերում | Ռազմ.info