Հոկտեմբերի 27-ին Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։ Այնուհետև առանձնազրույց են ունեցել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։
Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք:
Pingback: Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ կփոխանակեն Արցախյան պատերազմում անհայտ կորածների վերաբերյալ | Ռազմ.info
Pingback: Մինչև տարվա վերջ կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպում. Ջեյմս Ուորլիք | Ռազմ.info
Pingback: Շվեյցարիայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները | Ռազմ.info