Գերմանական լրատվամիջոց. ԻՊ զինյալները դյուրակիր ՀՕՊ համալիրներ ունեն

«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալներն արդեն դյուրակիր ՀՕՊ համակարգեր ունեն, որոնցով կարող են խոցել նաև քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներ։ Տեղեկությունը հրապարակել է գերմանական Bild am Sonntag պարբերականը՝ հղում անելով գերմանական հետախուզության տվյալներին։

Սիրիայում կռվող Jabhat al-Nusra խմբավորման զինյալը դյուրակիր ՀՕՊ համալիրով

Սիրիայում կռվող Jabhat al-Nusra խմբավորման զինյալը դյուրակիր ՀՕՊ համալիրով

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (Bundesnachrichtendienst) պարզել է, որ ՀՕՊ համալիրների մի մասը 1970-ական թվականների արտադրության է, բայց կան նաև ժամանակակից համալիրներ։

Ըստ ծառայության՝ ծայրահեղականների մոտ նկատված դյուրակիր համալիրները նման են խորհրդային կամ ռուսաստանյան արտադրության համալիրների, թեև կարող են Ռուսաստանից բացի արտադրված լինել նաև այլ երկրներում, մասնավորապես Բուլղարիայում ու Չինաստանում։

Ավելացնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն արդեն ամիսներ շարունակ իրենց հսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսարևելյան ու Իրաքի հյուսիսարևմտյան հսկա տարածքներ։ Այս տարածքների վրայով, գերմանական պարբերականի վկայությամբ, դեռ շարունակում են քաղաքացիական թռիչքներ կատարել մասնավորապես Austrian Airlines ու Qatar Airways ընկերությունների ինքնաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *