Շահեն Մեղրյանին շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական և ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի ղեկավարը Շահեն Մեղրյանի որդուն է փոխանցել հերոսի ստացած «Ոսկե արծիվ» շքանշանը

Արցախի ղեկավարը Շահեն Մեղրյանի որդուն է փոխանցել հերոսի ստացած «Ոսկե արծիվ» շքանշանը

Միջոցառման ժամանակ Բակո Սահակյանը Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման ու հերոսի որդուն է  փոխանցել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Արցախի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազատագրական պայքարում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:

Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգևներ է հանձնել նաև Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է երկու հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *