Ռուսաստանի գործողություններին զուգահեռ կովկասյան տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար Վրաստանը Ճապոնիայի և միջազգային հանրության շարունակական աջակցության կարիքն ունի։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Տոկիոյում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին,գրում է ճապոնական The Japan Times լրատվակայքը։
Մարգվելաշվիլին հայտարարել է, թե «Ռուսաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը վրաստանյան երկու տարածքներում»։
Նշենք, որ Ռուսաստանը վերահսկում է մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի պետությունները 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը նոր քաղաքականություն է որդեգրել այդ տարածքների ինտեգրման համար՝ օգտագործելով սոցիալական, քաղաքական, ռազմական և դատական ոլորտները։
Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել է նաև միջազգային հանրության կողմից աջակցությունը Վրաստանի համար նշանակալից խնդրի լուծման համար։
«Կարևոր է միասնական աջակցություն ցուցաբերել աշխարհի այլ հատվածներում ևս Ռուսաստանի ագրեսսիայի, օկուպացիայի դեմ, և այդ ժամանակ մենք ընդհանուր առմամբ կարող ենք հաղթել»,- ասել է Մարգվելաշվիլին։
Նշենք, որ սա Վրաստանի նախագահի առաջին այցն է Ճապոնիա 2013 թվականի հոկտեմբերին նախագահ ընտրվելուց հետո։ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով Ճապոնիայում կլինի հոկտեմբերի 21-25-ը։
Վերջինս հանդիպելու է Ճապոնիայի կայսր Ակիհիտո և վարչապետ Սինձո Աբեի հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ նախարարների և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։