Ռուսաստանյան ՌԴ-171Մ հրթիռային շարժիչներ արտադրող «Ռոսկոսմոս» ընկերությունը հրաժարվում է շարժիչը ուկրաինական «Յուժմաշ» ընկերությանը տրամադրել անվարձահատույց, ինչին ուկրաինացիները փորձում էին հասնել երկար բանակցությունների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Իզվեստիա» կայքը:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանում արտադրված, արդեն պատրաստ շարժիչը նախատեսված էր ուկրաինական «Զենիթ» կրող հրթիռի համար, որը պիտի Երկրի գեոստացիոնար ուղեծիր բարձրացներ արբանյակային հեռարձակման համար նախատեսված «Լիբիդ» արբանյակը:
Սակայն ռուսաստանյան ընկերությունը հրաժարվում է տրամադրել արբանյակը, քանի դեռ ուկրաինացիները չեն վճարել դրա համար: Շարժիչի գինը մոտավոր 13,5 մլն ամերիկյան դոլար է, ու քիչ հավանական է, որ ուկրաինական ընկերությունը պատրաստ է այս գումարով գնել շարժիչը, քանի որ ընկերությունն ինքն էլ խոստովանել է՝ ֆինանսական խիստ ծանր դրության մեջ է:
«Յուժմաշի»՝ ծանր վիճակի մեջ ընկնելու պատճառն այն է, որ Ռուսաստանում ներկայում հրաժարվում են գնել ընկերության արտադրած «Զենիթ» հրթիռները, կիսատ են թողել այլ ծրագրեր և այլն: Արդյունքում ուկրաինական ընկերությունը չի կարողանում վաճառել դրանք, քանի որ «Զենիթները» ուրիշ ոչ ոքի պետք չեն:
«Ռոսկոսմոսում» նույնպես հասկանում են, որ ուկրաինական «Յուժմաշը» կարող է սննկանալ ու նաև այդ պատճառով է, որ չեն համաձայնում տրամադրել շարժիչը՝ գումարը հետո ստանալու պայմանով:
Եթե ռուսաստանյան կողմը չտրամադրի շարժիչը, ուկրաինացիները չեն կարողանա այլ տեղից գնել այն: Ու ստացվում է, որ արբանյակն ու այն կրող «Զենիթ» հրթիռը, որոնց պատրաստման վրա արդեն ծախսվել է մոտ 250 մլն դոլար, կմնան «օդից կախված»: