Ուկրաինական պետական ընկերությունները Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների ու հարավ-արևելքի ապստամբների հայտարարած զինադադարի ընթացքում արդեն 1000 միավորից ավելի ռազմական տեխնիկա են նորոգել ու արդիականացրել:
Հոկտեմբերի 21-ին այս մասին, ըստ ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալության, հայտնել է «Ուկրօբորոնպրոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պինկասը: Պաշտոնյան նշել է, որ սեպտեմբերի 5-ին հայտարարված զինադադարի ընթացքում «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցերնի մեջ մտնող պետական ձեռնարկությունները նորոգել, արդիականացրել և Ուկրաինայի ուժային կառույցներին են վերադարձրել հրետանային, զրահատանկային, ավիացիոն տեխնիկա:
Կոնցերնի փոխնախագահը խոստովանել է նաև, որ երկրի նախագահի հանձնարարությամբ՝ կոնցերնը ուկրաինական ուժային կառույցներին տրամադրել է շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա, որը մինչ այդ արտադրվել էր արտասահմանյան գնորդների համար:
Պինկասի խոսքով՝ նախկինում ուկրաինական ձեռնարկություններում «մենաշնորհ» էին ստեղծվել ու յուրաքանչյուր տեսակի ռազմական տեխնիկա նորոգում էր կոնկրետ ձեռնարկություն, որովհետև թեև մյուսներն էլ ունեին անհրաժեշտ սարքավորումներ, բայց չունեին համապատասխան տեխնիկական փաստաթղթերը: Հիմա արդեն փոխել են կարգը, ու ձեռնարկությունները կարող են փոխլրացնել միմյանց աշխատանքն ու արագացնել տեխնիկայի նորոգումը:
Նշենք, որ «Ուկրօբորոնպրոմի» պաշտոնական կայքը պարբերաբար տեղադրում է տեղեկություններ նորոգված ռազմական տեխնիկայի մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ կոնցերնի աշխատակիցները նորոգման աշխատանքները կատարում են ինչպես «Ուկրօբորոնպրոմի» գործարաններում, այնպես էլ դաշտային պայմաններում՝ նորոգող խմբերի միջոցով:
Ավելացնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից մարտեր են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ Պատճառն այն է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների փաստացի ղեկավարները դաշնայնացում (федерализация) են պահանջում: Առավել մանրամասն տեղեկություններ ներկայացված են Ռազմական հանրագիտարանում:
Սեպտեմբերի սկզբին կողմերը համաձայնության են եկել ու զինադադար կնքել, որը սակայն պարբերաբար խախտվում է:
Ապստամբության պատճառով երկրի զրահատեխնիկա արտադրող ու նորոգող գործարաններն ուկրաինական ուժայիններին զրահատեխնիկա մատակարարելու բազմաթիվ պատվերներ են ստացել: Անհրաժեշտ զրահատեխնիկայի մի մասը դուրս է բերվել պահեստներից, նորոգվել ու հանձնվել Ուկրաինայի ազգային գվարդիային, զինված ուժերին ու նաև սահմանապահ զորքերին: