Ալժիրի համար նախատեսված բրիտանական Super Lynx 300 ուղղաթիռներն արդեն փորձարկման փուլում են

Համացանցում հայտնվել է 2014-ի հոկտեմբերով թվագրված լուսանկար, որում պատկերված է AgustaWestland ուղղաթիռաշինական ընկերութան՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված ձեռնարոկւթյունում արտադրված և արդեն փորձարկման թռիչքներ կատարող Super Lynx 300 նավային տեղակայման ուղղաթիռը՝ նախատեսված

Ալժիրի ռազմածովային ուժերի համար։ Այս մասին հայտնում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը:

Ալժիրի համար նախատեսված Super Lynx 300 ուղղաթիռը՝ փորձարկման թռիչքներ կատարելիս

Ալժիրի համար նախատեսված Super Lynx 300 ուղղաթիռը՝ փորձարկման թռիչքներ կատարելիս

Դատելով լուսանկարից, այն իր սպառազինությունում ունենալու է հարավաֆրիկյան արտադրության Denel Dynamics Mokopa հրթիռներ, որոնք օժտված են լազերային նշանառության համակարգով։ Դրանք կշռում են շուրջ 50 կգ և թիրախները կարող են խոցել մինչև 10 կմ հեռավորության վրա։

Նշվում է, որ Ալժիրն ու գերմանական ThyssenKrupp Marine Systems արտադրական միավորումն իրենց հերթին 2012-ի մարտին կնքել են պայմանագիր, որով վերջինս աֆրիկյան պետության համար պետք է կառուցի МЕКО А200N նախագծի 2 ֆրեգատ։ Նախատեսվում է, որ հենց այս ռազմանավերի վրա են իրենց ծառայությունն իրականացնելու Super Lynx 300 ուղղաթիռները։ Նույն աղբյուրը նշում է, որ ըստ պայմանագրի, պատվիրված 6 միավոր Super Lynx 300 ուղղաթիռներն Ալժիրին պետք է փոխանցվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը։

Բրիտանական AgustaWestland ուղղաթիռաշինական ընկերության արտադրած Lynx ընտանիքի առաջին ուղղաթիռը շահագործման են հանձնել դեռևս 1978-ին։ Հետագա տարիներին ստեղծվել են դրա մի շարք մոդիֆիկացիաներ՝ այդ թվում նախատեսված նաև արտահանման համար։ Ներկայումս Lynx ուղղաթիռները շահագործվում են շուրջ 13 երկրների զինված ուժերում, որոնց թվում են նաև Ֆրանսիան և Գերմանիան։

Կախված առաջադրանքից՝ 2 կամ 3 հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է փոխադրել 8 դեսանտային կամ 1 480 կգ բեռ։ Այն կարող է զարգացնել մինչև 324 կմ/ժ առավելագույն արագություն: Սպառազինությունում Lynx ուղղաթիռներն ունեն տորպեդներ, հականավային հրթիռներ, ինչպես նաև ստորջրյա կիրառման ականներ՝ նախատեսված սուզանավերի դեմ պայքարի համար։ Վերոնշյալից բացի, ուղղաթիռի վրա տեղադրված է նաև 20 մմ-անոց 2 գնդացիր, 70 մմ-անոց ավտոմատ 2 նռնականետ, ինչպես նաև 8 հրթիռ՝ օժտված լազերային նշանառությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *