Բելառուսում ռուսական ավիաբազան նախատեսվում է բացել 2016 թվականին

Չնայած Ռուսաստանը դեռևս 2013թ հունիսի 6-ից հայտարարում է, որ Բելառուսում տեղակայելու է իր առաջին ավիաբազան, բայց հայտարարությունները դեռևս գործի չեն վերածվում։ 2014թ հոկտեմբերի 15-ին ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը հերքել է ինքն իրեն՝ նշելով, որ ռուսաստանյան ավիաբազան Բելառուսում կտեղակայվի միայն 2016թ-ից, և այնտեղ ծառայության կանցնեն Սու-27 կործանիչներ։

Սու-27

Սու-27

Այս մասին հոկտեմբերի 15-ին գրում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վիկտոր Բոնդարևին։ Վերջինս այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ՌՕՈւ օբյեկտներ գործուղման ընթացքում։

Բոնդարևի հավաստմամբ՝ կործանիչները տեղակայվելու են Բոբրույսկի (Մոգիլևսկի շրջան) ռազմական օդակայանում, որը տեխնիկական վերակառուցման առաջադրանք ունի արդեն։

Հավելենք, որ 2013-ին Բոնդարևի հայտարարություններում նշվում էր, թե ավիաբազան տեղակայվելու է Բելառուսի Լիդա քաղաքում, որը այդքան էլ հեռու չէ Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանից և շահագործման է հանձնվելու մինչև 2013 թվականի վերջ։ Այդ իսկ պատճառով 2013թ. հունիսի 6-ին ՌԴ ռազմաօդային ուժերի պատվիրակությունն այցելել էր Բելառուս ռազմաբազայի տեղը որոշելու համար։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ ավիաբազան լինելու է Բելառուսի և Ռուսաստանի համատեղ ավիաբազան։ Իսկ արդեն հունիսի 26-ին ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը հայտարարեց, որ բազան սկզբում միայն ռուսական կլինի, մնացածը հետագայում կերևա։

«Բազան կկառուցի բելառուսական կողմը, իսկ մենք այդ հարցում նրանց կօգնենք», — նշել էր Բոնդարևը։ Իսկ ահա 2014 թվականի օգոստոսի 11-ին նա հայտարարեց, որ ռուսաստանյան ավիաբազան Բելառուսում կտեղակայվի Բարանովիչի (Բրեստի շրջան) օդակայանում և ոչ թե Լիդայում (Գրոդնենսկի շրջան)։

«Լիդայում մենք երբեք էլ չենք նախատեսել, իսկ ահա Բարանովիչիում կլինի։ Ընդամենը սպասում ենք միջկառավարական հանձնաժողովի որոշմանը», — ասել էր գեներալ-գնդապետը։

2014 թվականի մարտի 17-ին էլ ռազմաօդային ուժերի հրամանատարը նշել էր, որ Բելառուսում ՌԴ-ն հիմնական ունի 4 միավոր Սու-27 կործանիչ, իսկ առաջիկայում այնտեղ կուղարկվի կործանիչների մեկ էսկադրիլիա, իսկ մինչև տարվա վերջ այնտեղ կտեղակայվի մեկ ավիագունդ, որի կազմում 2 էսկադրիլիա կլինի 24 միավոր Սու-27ՍՄԶ կործանիչներով։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ երկրի տարածքում ռուսաստանյան կործանիչների տեղակայումը պատասխան է ՆԱՏՕ-ի ավիացիոն ուժերի տեղակայմանը Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *