Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայում խոշոր զորավարժություն է մեկնարկել

Հայաստանի «Ալագյազ» ու «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում մեկնարկել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի խոշոր մարտավարական զորավարժություն, որին մասնակցում է ռազմաբազայի շուրջ 3000 զինծառայող:

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

Զորավարժությունն անցկացվելու է մի քանի փուլերով, որոցից առաջինը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին: Ռազմաբազայի անձնակազմը տագնապով բերվել է մարտական պատրաստության աստիճանի ու երթով հասել մարտական գործողությունների շրջաններ: Երթի ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները կատարելագործել են ղեկավարման և համագործակցության հմտությունները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Զորավարժության հաջորդ փուլերի ընթացքում ռազմաբազայի զինծառայողները կկատարեն 30, 50 ու 100 կիլոմետրանոց երթեր, որոնց կմասնակցի ռազմաբազայի մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա:

Վարժանքների եզրափակիչ փուլը կլինի հոկտեմբերի 17-ին: Այդ օրը զորավարժության մասնակիցները կկրակեն ռազմաբազայի սպառազինության բոլոր զինատեսակներից: Սպառազինության կրակային վարչությունները կղեկավարվեն «Զաստավա», «Գրանատ», «Լեյեր» ու նոր ստացած «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի միջոցով: Զորավարժության կրակային փուլին կմասնակցեն նաև ռազմաբազային պատկանող, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները:

Ավելի վաղ արդեն հայտնվել է, որ վարժանքների ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները շուրջ 1000կմ ընդհանուր երկարությամբ երթեր են անելու: Նախատեսված է, որ 7 օրում կրակվելու է շուրջ 30 հազար հրետանային արկ, արձակելու են ավտոմատ հրանոթների ու խոշոր տրամաչափի գնդացիրների շուրջ 300 հազար կրակոց, ինչպես նաև սպառվելու է հրազենի շուրջ 900 հազար փամփուշտ:

Ավելացնենք, որ ռազմաբազայի ղեկավարությունը զորավարության ընթացքում մտադիր է ստուգել պատրաստականության բարձր աստիճանի բերելու, ինչպես նաև տարբեր բնույթի ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների և դրանց հրամկազմի փոխգործակցության արդյունավետությունը:

Բացի այդ, որ 102-րդ ռազմաբազայում անձնակազմի՝ 2014թ. ապրիլ-հունիս ամիսներին անցկացված փոխարինումից հետո սա առաջին խոշոր զորավարժությունն է: Մինչ այս ռազմաբազայի զրահատանկային, ավիացիոն, կապի, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները առանձին-առանձին մի շարք վարժանքներ արդեն կատարել են:

Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով, ինչպես նաև տանկերով, հետևակի մարտական մեքենաներով ու այլ ռազմական տեխնիկայով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *