Ռուսաստանն այս պահին նպատակահարմար չի համարում «պահեստազորայինների բանակ» ստեղծելը

Օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե երկրի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում ստեղծել «պահեստազորայինների  բանակ»։ Իրականում այդ լուրն ընդամենը արտացոլում էր այդ թեմայով հանրային քննարկումների։

Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Հոկտեմբերի 13-ին ռուսաստանյան Իզվեստիա պարբերականը՝ հղում անելով Պետդումայի պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին, հայտնեց, որ ՌԴ ՊՆ-ն նախատեսում է «պահեստազորայինների մի քանի բանակ» ստեղծել, որոնց անձնակազմը նախկինի պես կարող է աշխատել տարբեր վայրերում, բայց ժամանակ առ ժամանակ մասնակցելու է ռազմական հավաքների։

Ըստ Կլինցևիչի՝ այդ անձնակազմում ներգրավվածներն ամեն ամիս լրացուցիչ գումար կստանան պահեստազորում գտնվելու համար։ «Այդ մարդիկ ամեն պահի պատրաստ կլինեն գնալ հավաքակայաններ, վերցնել զենքն ու ներգրավվել նախապես ընտրված ստորաբաժանման կազմում», — մասնավորեցրել է պատգամավորը։

Ըստ ռուսաստանցի ռազմական տեսաբան, պահեստազորի գնդապետ Վիկտոր Լիտովկինի՝ ռազմական գործողությունների դեպքում «… պահեստազորայինները «թնդանոթի միս» չեն դառնա, այլ ռազմական առաջադրանքներ կկատարեն։ Բանակում կարևոր է ոչ միայն շարքում տեղ զբաղեցնելը, այլ նաև մարտական խնդիր կատարելը։ Մենք սպաներ ունենք, բայց եթե նրանք 3–4, նույնիսկ 10 տարվա ընթացքում չեն կանչվում հավաքների, ապա մոռանում են ունեցած գիտելիքները», — շեշտել է տեսաբանը։

Սակայն Ռուսաստանում տեխնոլոգիաների և ռազմավարության վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի կարծիքով, «պահեստազորայինների բանակ» ստեղծելիս պետք է հաշվի առնել նաև հնարավոր խնդիրները։ Օրինակ՝ կարող է խնդիր առաջանալ գործատուների մոտ և նրանք հեռացնեն աշխատանքից աշխատակցին, երբ նա ուսումնական հավաքների լինի։

Տեղեկացնենք, որ հենց նույն օրը՝ հոկտեմբերի 13-ին, ինչպես հայտնում է Полит.ру կայքը, «Գովորիտ Մոսկվա» ռադիոընկերության եթերում ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Վլադիմիր Անիկինը հերքեց տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարարությունը նման բան է ծրագրում։

«Այս թեման մենք դեռևս չենք մշակում, քանի որ նպատակահարմար չէ։ Իրականում նոր պատմություն չէ, տվյալ խմբագրությունում լրագրողի առջև խնդիր է դրվել հարցազրույց անել Կլինցևիչի հետ և արել են», — հայտարարել է Անիկինը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *