Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում ականազերծման աշխատանքներ է կատարել, որոնց ընթացքում 131 միավոր ական ու չպայթած զինամթերք է հայտնաբերել։
Ամսվա ընթացքում գործակալությունն ականազերծել է ընդհանուր 1,7քկմ տարածք՝ Հայաստանին սահմանակից Աղդամի, Աղստաֆայի, Ֆիզուլիի, Ղազախի ու Տերտերի շրջաններում, ինչպես նաև Բաքվի մոտակա Սանգաչալ գյուղում։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ականազերծման աշխատանքներին մասնակցել է մոտ 600 հոգի, որից 488 հոգի մասնագետներ ու 184 հոգի օժանդակ անձնակազմ։ Աշխատանքներին ներգրավել են նաև ականներ փնտրող 36 շների ու մեխանիկական ականազերծման 6 մեքենաներ։
Գործակալության տվյալներով՝ աշխատանքների ընթացքում ականների ու չպայթած զինամթերքի պայթյուններ չեն եղել։
Ավելացնենք, որ ANAMA-ն Ադրբեջանի ականազերծման հիմնական ծառայությունն է, որը գործունեություն է ծավալում գլխավորապես Ադրբեջանի տարածքում՝ սկսած 1998-ից: Անցած 16 տարիների ընթացքում գործակալությունն ընդհանուր առմամբ ականազերծել է 112քկմ ականադաշտ և 41քկմ մարտական տարածք ՝ ոչնչացնելով 303 հակահետևակային, 473 հակատանկային ական և մոտ 670 հազար միավոր չպայթած զինամթերք: Մաքրված տարածքների համեմատ՝ ոչնչացված ականների և չպայթած զինամթերքի թիվը փոքր է։
ANAMA-ի ականազերծող թիմն աշխատանքներ է իրականացրել Աղդամի, Աղջաբեդի, Բարդայի, Բաքվի, Բեյլեքանի, Գյանջայի, Ֆիզուլու (Վարանդա), Տերտերի, Ղազախի, Գերանբոյի (Շահումյանի շրջանի մի հատված), Աղստաֆայի, Գոյգոլի, Շեմքիրի, Եվլախի շրջաններում, ինչպես նաև Բաքու և Սումգայիթ քաղաքներում: