Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 5-11

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ-ն Ալիևի ռազմատենչ հայտարարություններին պատշաճ պատասխան չի տալիս: Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանին: Արցախում սկսվում է զինված ադրբեջանցի սահմանախախտների գործով դատավարությունը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

-Իլհամ Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները: Այս մասին հոկտեմբերի 6-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը։

-Հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատված։ Առաջին անգամ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթանում է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների առօրյային:

-Սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիների կողմից սպանված Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Արցախի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Գործը դատավոր Անատոլի Թադևոսյանի վարույթում է։ Առաջիկայում կնշանակի դատական նիստի օր: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել էին Ստեփանակերտի դատարանից:

-Օգոստոսի 7-ին մոլորված և Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին հանձնվել է Հայաստանին: Ադրբեջանը Կարեն Պետրոսյանի դին վերադարձրել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար Նիլս Մույժնիեկսը (Nils Muižnieks) Երևանում հայտարարել է, որ գերության մեջ զոհված յուրաքանչյուրի մարմինը պետք է հայրենիք վերադարձվի:

-Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի շուրջ վերջին իրադարձությունների և Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Թուրքիային սահմանը և Քոբանիում «Իսլամական պետության» զինյալներին դիմադրող քրդական ինքնապաշտպանական ջոկատների մատակարարման ուղիները փակելու համար։ Ամբողջ հայտարարությունն` այստեղ:

-Հոկտեմբերի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին։ Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը:

-Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանում  Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:  Քննարկվել են հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

-Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ՊՆ-ում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև անցկացվել են շտաբային բանակցություններ, որի ժամանակ նախանշվել են 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվել ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը:

-Հոկտեմբերի 9-ին  ԵԱՀԿ առաքելությունը Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

-Հոկտեմբերի 8-ին Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին:  Հակոբը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ: Սեյրան Օհանյանը ողջունել է Ինջիղուլյանի պատրաստակամությունը շարունակել զինվորական ծառայությունը:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *