Ադրբեջանում է Լիտվայի պաշտպանության նախարարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 8-ին ընդունել է երկիր ժամանած Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

Ադրբեջանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը

Ադրբեջանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը

Հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը նշել է, որ երկու երկրների ռազմական ոլորտների ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխհարաբերությունները բարեկամական են ու շարունակում են զարգանալ:

Նախարարները զրուցել են բալթյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում անվտանգության խնդիրների մասին: Խոսք է եղել նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ:

Լիտվայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր երկիրը Եվրոպայում Ադրբեջանի լուրջ գործընկերներից է, ու լիտվական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացմամբ:

Լիտվայի պաշտպանության նախարարության կայքը նշում է, որ երկրի պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև միջազգային առաքելություններում ադրբեջանցի զինծառայողների խնդիրներն ու բարձր է գնահատել ադրբեջանական կողմի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին:

Յուոզաս Օլեկասը Հասանովին առաջարկել է մասնակցել նաև Լիտվայում անցկացվող միջազգային զորավարժություններին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել ռազմական կրթության, ինչպես նաև բարեփոխումների անցկացման ոլորտներում խորհրդատվության ու փորձի փոխանցումը ադրբեջանցիներին:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 4-ին Լիտվայում հանդիպել են Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն և Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությունը, կողմերի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իրավիճակը տարածաշրջանում և Արցախյան հիմնախնդիրը: Ադրբեջանի դեսպանը տեղեկացրել է նախարարին Ադրբեջանի զինված ուժերի և ՊՆ համակարգում իրականացվող փոփոխությունների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *