Բուլղարիան կարող է հրաժարվել խորհրդային արտադրության մարտական ինքնաթիռներից

Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2020 թվականը սպառազինությունից դուրս բերել ու մետաղաջարդոնի վերածել երկրի զինված ուժերի սպառազինությունում եղած խորհրդային արտադրության մարտական ինքնաթիռները,- հայտնում է airrecognition.com կայքը:

Բուլղարիայի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ

Բուլղարիայի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ

Այս քայլով բուլղարական կողմը ցանկանում է ազատվել ռուսական ռազմարդյունաբերության կախվածությունից:

Փոխարենը, ինչպես նշում է կայքը, ՆԱՏՕ-ի անդամ երկիրը մտադիր է գնել ՆԱՏՕ-ական արտադրության մարտական ինքնաթիռներ, որոնց սպասարկման ու արդիականացման համար կդիմի դաշնակիցներին: Միևնույն ժամանակ չի նշվում, թե կոնկրետ որ ինքնաթիռներից են մտադիր գնել բուլղարացիները:

Այսպիսով, Բուլղարիան մտադիր է սպառազինությունից դուրս բերել ընդհանուր առմամբ 35 մարտական ինքնաթիռ, որոնցից 15-ը՝ ՄիԳ-29, 6-ը՝ ՄիԳ-21 կործանիչներ, իսկ մնացած 14-ը՝ Սու-25 գրոհիչներ: Պետք է նշել, որ այս ինքնաթիռները Բուլղարիայի զինված ուժերի սպառազինության մեծ մասն են, քանի որ ըստ Military Balance 2013 զեկույցի՝ երկրի զինված ուժերում նշվածներից բացի այլ մարտական ինքնաթիռներ չկան:

Ռուսաստանից այս տեղեկությանը արձագանքել են թերահավատորեն՝ նշելով, որ Բուլղարիայի համար հավելյալ ծանրություն կլինի ՆԱՏՕ-ական թանկարժեք մարտական ինքնաթիռների գնումը, ու երկիրը դժվար թե կարողանա հոգալ նրանց ծախսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *