Դաշնակցությունը մեղադրում է Թուրքիային «Իսլամական պետությանն» աջակցելու համար

Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի շուրջ վերջին իրադարձությունների և Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Թուրքիային սահմանը փակելու և Քոբանիում «Իսլամական պետության» զինյալներին դիմադրող քրդական ինքնապաշտպանական ջոկատների մատակարարման ուղիները փակելու համար։

ARF_Logo-colored

«Այս դեպքում Թուրքիայով ճամփան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։ Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան», — ասվում է հաղորդագրության մեջ։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով։ Սակայն իրականում նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի և այլուր։ Փաստորեն, աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել նրան և այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա։

Հայտարարության հեղինակները պահանջում են պահանջում են Թուրքիայի դաշնակից պետություններից «սանձել Թուրքիայի կողմից հովանավորված ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությունը» և համարում են, որ Քոբանիում արդեն տեղի ունեցած և հետագա բոլոր ողբերգությունների, մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն Թուրքիան է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *