Հոկտեմբերի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից մինչև զորամասերի ԱՀՏԱ գծով տեղակալներով և ռազմական ոստիկաններ։
Հաշվի առնելով մարդու իրավունքների հանձնակատարի Հայաստան այցի թեմատիկ ուղղվածությունը՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև զինված ուժերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, զինծառայող կանանց իրավունքների երաշխավորման, իգական սեռի կուրսանտների թվի ավելացման և այդ ուղղությամբ կատարվող այլ աշխատանքները, անդրադարձել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այդ ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը:
Գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ ՊՆ համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը, այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ներկայացված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում մարդու իրավունքների խախտման հարցեր: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով դեպի երրորդ երկիր ուղղորդելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել մարդու իրավունքների հարցերով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը: