Էրդողանը կանխագուշակում է Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի անկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Թուրքիայի Այնթափ քաղաքում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները շատ շուտով գրավելու են թուրք-սիրիական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղակայված Քոբանի քրդաբնակ քաղաքը։ Էրդողան

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Star պարբերականը, Թուրքիայի նախագահը շեշտել է. «Ահաբեկչությունը չի ավարտվելու, մինչև մենք չփոխգործակցենք ցամաքային գործողություն սկսելու համար։ Անցել ենք ամիսներ, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել։ Քոբանին շուտով ընկնելու է»։

Թուրքիայի նախագահը թերևս նկատի ունի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկճական կոալիցիայի ուժերի՝ Սիրիայում ծայրահեղականների պատսպարաններին հասցվող հարվածները։

ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդային հարվածները չեն կարողացել կասեցնել իսլամիստների առաջխաղացումը, որոնք ավելի վաղ շրջափակել էին քրդաբնակ Քոբանին երեք կողմից։ Նրանց հաջողվել էր հոկտեմբերի 6-ին քաղաքի արևելյան հատվածի շինություններից մեկի վրա բարձրացնել իրենց դրոշը։

Թուրքիայի կառավարությունն իր հերթին սկսել է ամրացնել Քոբանիի հետ սահմանային հատվածը։ Քոբանիին սահմանակից թուրքական Շանլըրֆա քաղաքի գործադիր իշխանության որոշմամբ՝ այդ հատվածում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարները հեռացվել են՝ հարկ եղած դեպքում սպառազինություն և կենդանի ուժ կուտակելու համար։ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Շանլըրֆա՝ հավանական պաշտպանական գործողությունները համակարգելու նպատակով։ Թուրքական զինուժը սահմանին արդեն մոտեցրել է  զրահատեխնիկա։

Ավելի վաղ «Իսլամական պետություն» դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի և Իրաքի տարածք ներխուժելու թույլտվություն են ստացել երկրի խորհրդարանից։

Հոկտեմբերի 7-ին արդեն հայտնի է դարձել, որ իսլամիստները քուրդ ինքնապաշտպանների դեմ մարտերից հետո վերահսկողություն են հաստատել Քոբանիի ևս 3 թաղամասերի նկատմամբ։ BBC լրատվական գործակալության աղբյուրի տվյալներով՝ ծայրահեղականները կարողացել են գրավել քաղաքի վրա գերիշխող Միսթենուր բարձունքը, որտեղից էլ հրետակոծում են քրդերի հենակետերը։ Քոբանիի մոտ 200 հազար բնակիչներ ավելի վաղ հատել էին թուրք-սիրական սահմանը, իսկ քաղաքում մնացած քրդերը մտահոգություն են հայտնում, որ ծայրահեղականների հաղթանակի դեպքում Քոբանիում կոտորած կլինի։ BBC-ի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ թուրք-սիրիական սահմանի Քոբանիին մոտ հատվածում՝ թուրքական կողմում, թուրքաբնակ քրդերը բախվել են տեղի ոստիկանների հետ, քանի որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց հատել սահմանն ու օգնել Քոբանիում իրենց հայրենակիցներին։

Նկատենք, որ Քոբանիում ինքնապաշտպանությունը ղեկավարում է Քրդական դեմոկրատական միություն (PYD) կուսակցությունը և վերջինիս ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *